«Ջերմուկցիներն ավտոերթով գալիս են Երևան։ Փաշինյան, չհիասթափեցնես էս մարդկանց». Ջերմուկցիների ավտոերթը շուտով կհասնի Երևան
Ջերմուկցիների ավտոերթը մեկնարկել է, շուտով կհասնեն Երևան: Այս մասին Facebook-ի իր էջում գրել է Ջերմուկի բնակիչ, ակտիվիստ Շիրակ Բունիաթյանը, ով նաև ավտոերթից տեսանյութեր է հրապարակել:
«Ջերմուկցիներն ավտոերթով գալիս են Երևան։ Փաշինյան, չհիասթափեցնես էս մարդկանց»,- իր հերթին գրել է լրագրող, քաղակտիվիստ Արման Ղարիբյանը:
Նշենք, որ այսօր Բաղրամյան 26 հասցեում վարչապետ Նիկոլ Փաշինյանն Ամուլսարի հարցով հանդիպում է հրավիրել:
Հրավիրյալների թվում կան բնապահպանները, Ջերմուկ համայնքի ավագանին, դպրոցներն ու Ամուլսարի համար պայքարող ակտիվիստները։ Ավելի վաղ «Հայկական բնապահպանական ճակատ» նախաձեռնությունը հայտարարություն էր տարածել, որտեղ նշել էր. «Ջերմուկի բնակիչների մի մասը վաղն ավտոերթով գալու է Փաշինյանի հրավիրած հանդիպմանը: Միաժամանակ, հավաք է տեղի ունենալու Ամուլսարի պոստերում. համայնքի անդամները ժամը 12:00-ին հավաքվելու են Ամուլսարի պոստերում՝ իրենց պահանջը պաշտպանելու: Ամուլսարի պոստերում հերթապահելու են համայնքի կանայք: Նույն ժամին Երևանում Բաղրամյան 26-ի դիմաց նույնպես հավաք է լինելու»: