ՌԴ-ի հետ Հայաստանին և Վրաստանին կապող միակ ճանապարհով տրանսպորտի երթևեկությունը կսահմանափակվի
Վրացա-ռուսական սահման տանող ճանապարհին կմտցվեն ցերեկային ժամերին տրանսպորտի երթևեկության սահմանափակումներ, հայտնում է «Sputnik-Грузия»-ն՝ վկայակոչելով Վրաստանի տարածքային զարգացման և ենթակառուցվածքների նախարարության ավտոճանապարհների դեպարտամենտի հաղորդագրությունը:
Սահմանափակումները մտցվում են, մասնավորապես, Թերեք գետի վրա կամրջի վերանորոգման պատճառով, որը գտնվում է Մցխեթի-Ստեփանծմինդա-Լարս ավտոմայրուղուց 125 կմ հեռավորության վրա:
«2019 թվականի օգոստոսի 19-22-ին նշված հատվածում ամեն օր 12:00-ից մինչև 16:00 արգելվում է կցմամբ կամ կիսակցմամբ տրանսպորտի երթևեկությունը, իսկ տրանսպորտի մնացյալ տեսակների համար երթևեկությունն ազատ է: Օրվա մնացած ժամերին ավտոտրանսպորտի երթևեկությունը ևս ազատ է»,- նշված է հաղորդագրության մեջ:
Նշված ռեժիմով երթևեկության համակարգումն իրականացնելու է պարեկային ոստիկանությունը:
Գոյություն ունեցող 35-կիլոմետրանոց Ռազմավարական ճանապարհը, որից ամեն օր օգտվում է 3,5 հազար ավտոմեքենա, Վրաստանի ամենավտանգավոր ճանապարհներից մեկն է: Տարվա մեջ 40 օրից ավելի, մեծ մասամբ ձմեռվա սեզոնին, այն փակում են, ինչը Ռուսաստանից Վրաստան ճանապարհորդող մարդկանց, ինչպես նաև բեռնափոխադրողների համար մեծ խնդիրներ է ստեղծում:
Այս պահին սա միակ գործող ավտոճանապարհն է, որը Հայաստանին և Վրաստանին կապում է Ռուսաստանի հետ: