Երևանում իրավապահները կանխել են զինված «ռազբորկան». կան մեկ տասնյակից ավելի բերման ենթարկվածներ
Գիշերը ոստիկանության Երևան քաղաքի վարչության քրեական հետախուզության բաժնի ծառայողները, համագործակցելով ոստիկանության Էրեբունու բաժնի և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնի հետ, ստացված օպերատիվ տվյալներն իրացնելով, կանխել են Երևանի Էրեբունի վարչական շրջանում՝ ժողովրդին հայտնի «վստրեչի» խաչմերուկի հարևանությամբ գտնվող բենզալցակայանի մոտ տեղի ունեցող «ռազբորկան», հայտնում է Shamshyan.com-ը:
Ոստիկաններն ու քննիչները տաք հետքերով վնասազերծել և ոստիկանության Էրեբունու բաժին են բերման ենթարկել 1 տասնյակից ավելի անձանց, որոնց ինքնությունը այս պահին նախաքննության շահերից ելնելով չենք հրապարակում:
«Ռազբորկայի» վայրում հայտնաբերվել է 2 հատ մակարով տեսակի ատրճանակ, ամեն մեկը լիցքավորված 9 մմ տրամաչափի փամփուշտներով:
Փաստի առթիվ Քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ: Դեպքի վայրում հայտնաբերվել են նաև մի քանի ավտոմեքենաներ, և այս պահին ճշտվում է նրանց վարորդների մասնակցությունը տեղի ունեցած միջադեպին: