Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա. Հայկ Գրիգորյանը առանձնացրել է 3 կարևոր կետ Ամուլսարի հարցով ELARD ընկերության եզրակացությունից և ներկայացրել Կառավարությանը
Կառավարության այսօր՝ օգոստոսի 15-ի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը դիմեց Քննչական կոմիտեի նախագահ Հայկ Գրիգորյանին՝ խնդրելով ներկայացնել Ամուլսարի հարցով Earth Link & Advanced Resources Development (ELARD) ընկերության փորձագետների խմբի ներկայացրած եզրակացությունը։
Հայկ Գրիգորյանը առանձնացրեց 3 կարևոր կետ. «Ըստ էության եզրակակացության վերլուծությունը թույլ է տալիս հանգելու, որ՝
1. Ամուլսարի ստորգետնյա ջրերի և Ջերմուկի թերմալ աղբյուրների միջև որևէ կապ չկա;
2. Ամուլսարի ջրերի և Սեւանա լճի ավազանի միջև որևէ կապ չկա, սակայն երկրաշարժի պարագայում հնարավոր է թթվային դրենաժի ինչ-որ կոնցենտրացիայի ներթափանցում Սպանդարյան–Կեչուտի ջրամբարի միջոցով Սևանա լճի ավազան, բայց այդ կոնցենտրացիայի համակցությունը Սևանա լճի ծավալներում աննշան կլինի։
3. Ամուլսարի ստորգետնյա ջրերի ազդեցությունը Որոտան, Արփա գետերի վրա հնարավոր է լինի, սակայն եթե «Լիդիան» ՓԲԸ–ն ձեռնարկի փորձագիտական խմբի կողմից առաջարկվող 16 մեղմման միջոցները, այդ ռիսկերը կլինեն կառավարելի»,–նշեց նա։
ՔԿ նախագահի խոսքով՝ «Լիդիան» ՓԲԸ–ն պատրաստ է կատարել 16 միջոցներից 15-ը. ««Լիդիան» ՓԲԸ–ն երեկ ծանոթացել է այս եզրակացությանը, իսկ նախաքննության ընթացքում ընկերության փորձագետները ներգրավված են եղել որպես կողմ և աշխատել են ELARD ընկերության փորձագետների հետ։
«Լիդիան»-ի փորձագետները պատրաստ են առաջարկվող 16 մեղմացնող միջոցառումներից 15–ը կիրառել, 10-ն արդեն իսկ կիրառվում է, 5-ն էլ պատրաստ են ապագայում կիրառել։ Մեկ մեղմացնող միջոցառումը դեռ քննարկվում է, Համաշխարհային բանկից «Լիդիան» ընկերությունը գումար ստանալու համար պետք է համապատասխանեցնի իր գործունեությունը IFC ստանդարտին, որով սահմանվում է, որ հանքի օգտագործումից հետո 100 տարի պետք է մեղմման միջոցներ կիրառվեն։ ELARD-ի փորձագետներն առաջարկում են առաջնորդվել Նևադայի ստանդարտով, որն առաջարկում է մեղման միջոցները կիրառել 500 տարի։ «Լիդիան» ընկերությունը չի հրաժարվում մեղմման միջոցներ կիրառել 100 տարուց ավելի, եթե դրա անհրաժեշտությունը կլինի»։
Հայկ Գրիգորյանի խոսքով՝ հարուցված քրեական գործում այս եզրակացությունը որևէ հիմք չի տալիս որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկելու համար.
«Ստացված եզրակացության վերլուծությունը թույլ է տալիս ենթադրելու, որ մեկ տարուց ավելի քննվող քրեական գործը, որն հարուցվել է քրեական օրենսգրքի 282–րդ հոդվածով, որևէ հիմք չկա որևէ մեկին քրեական հետապնդման ենթարկվելու համար»։
Վարչապետի հարցին, թե արդյոք գործը կարճվելու է, ՔԿ նախագահը պատասխանեց. «Այո, գործի քննության ուղղվածությունը դա է»։
Հիշեցնենք, որ օգոստոսի 14-ին, Քննչական կոմիտեն հրապարակեց Ամուլսարի հանքավայրի փորձաքննության վերջնական եզրակացությունը, որ պատվիրվել էր ELARD ընկերության փորձագետների խմբին:
Ըստ փորձաքննության արդյունքների՝ հավանականությունը շատ ցածր է, որ Ամուլսարի հանքի աղտոտված ջրերը ազդեցություն կունենան Ջերմուկի աղբյուրների վրա, քանի որ ստորգետնյա ջրերի հոսքի և աղտոտումը փոխանցելու ուղիներ առկա չեն:
Յուրա Իվանյանն էլ հանդես էր եկել հայտարարությամբ, թե Ամուլսարի գործով քրեական հետապնդման հիմքեր չկան: