Մոնտենեգրոյում, որը 2017 թվականին Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցրել ծխող մեծահասակ բնակչության տոկոսով, ռեստորաններում և սրճարաններում ծխելու արգելք է սահմանվել
Մոնտենեգրոյում օգոստոսի 14-ից ուժի մեջ է մտել հասարակական փակ հաստատություններում, ներառյալ ռեստորաններում և սրճարաններում ծխելու արգելքի մասին օրենքը: Փաստաթղթի համաձայն՝ խախտողներին սպառնում է 20 հազար եվրոյի տուգանք, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով RTCG-ին:
Հաղորդվում է, որ այսուհետև երկրի քաղաքացիներին և զբոսաշրջիկներին արգելվում է ծխել փակ աշխատանքային և հասարակական հաստատություններում, ինչպես նաև սրճարաններում, բարերում և ռեստորաններում: Օրենքով չեղարկվում են բոլոր նախորդ նորմերը, որոնք թույլ էին տալիս լրացուցիչ տուրք վճարելով ռեստորանի դահլիճի մի մասն առանձնացնել ծխողների համար: Հիմա ռեստորաններում հնարավոր կլինի ծխել միայն հատուկ հատկացված սենյակում, որն ամբողջությամբ մեկուսացված է գլխավոր հաստատությունից: Ծխարանը չպետք է լինի 10 քառակուսի մետրից պակաս և դրա հետ մեկտեղ՝ չգերազանցի հաստատության ընդհանուր մակերեսի 20 %-ը, այն նաև չպետք է միջանցիկ լինի:
Նոր փաստաթղթով խստորեն սահմանափակվում են ռեստորանատերերի բոլոր հնարավոր հնարքները և միանշանակորեն արգելվում է ծխախոտի օգտագործումը հաստատություններում, որտեղ ըմպելիքներ և սնունդ են գործածում: Ծխելու արգելքի մասին օրենքը երկրի խորհրդարանն ընդունել է հուլիսի 31-ին: Խիստ միջոցառումների պատճառներից մեկը մեծաթիվ քաղցկեղային հիվանդություններն են, որոնք առաջանում են վնասակար սովորության հետևանքով:
Մոնտենեգրոյի առողջապահության նախարար Կենան Խրապովիչն ավելի վաղ հայտարարել էր, որ 622 հազար բնակչությամբ երկրում ամեն տարի թոքերի քաղցկեղով է հիվանդանում 400 մարդ: Նախարարի խոսքով՝ այդպիսի մեկ պացիենտի բուժումը երկրի համար արժե 70 հազար եվրո: Միաժամանակ, փորձագետներից ոմանք կասկածանքով են վերաբերվում նախաձեռնությանը՝ նշելով, որ ծխելու արգելքը գործնականում անհնար կլինի վերահսկել: Դրանից բացի, այն վնաս կհասցնի ռեստորանային բիզնեսին:
ԱՀԿ տվյալներով՝ Մոնտենեգրոն ծխելու առումով աշխարհում առաջնորդներից մեկն է: 2017 թվականին երկիրը Եվրոպայում առաջին տեղն է զբաղեցրել ծխող մեծահասակ բնակչության տոկոսով՝ 38 %, առաջ անցնելով Հունաստանից, Ռուսաստանից և Սերբիայից: