Հնդկաստանը մասամբ չեղարկել է Ջամու եւ Քաշմիրում սահմանված սահմանափակումները
Նախկին Ջամու և Քաշմիր նահանգում Հնդկաստանի կառավարության կողմից սահմանված սահմանափակումները մասամբ չեղարկվել են: Այս մասին չորեքշաբթի հայտնել է տեղական ոստիկանության պետ Մունիր Խանը, հայտնում է NDTV հեռուստաալիքը:
«Ջամու և Քաշմիրում հասարակական կարգի պահպանությունը լիովին վերահսկվում է: Դպրոցները և մյուս հաստատություններն աշխատում են նորմալ ռեժիմով», - տեղեկացրել է Խանը:
Սահմանափակումների չեղարկումն առաջին հերթին կազդի Ջամու քաղաքի վրա, սակայն «Քաշմիրի հովտում որոշ սահմանափակող միջոցներ խաղաղության ապահովման համար ուժի մեջ կմնան», - ասել է նա:
Ավելի վաղ տարածաշրջանում լրացուցիչ ավելի քան 8 հազար զինծառայող էր բերվել: Իշխանություններն անջատել էին բջջային կապը, համացանցը և մալուխային ցանցերը, ինչպես նաև պարետային ժամ մտցրել: Ոստիկանությունը կալանավորել էր մի շարք հայտնի քաղաքական գործիչների:
Օգոստոսի 5-ին Նյու Դելին հայտարարել էր Ջամու և Քաշմիր նահանգը վերացնելու և այդ տարածաշրջանում երկու միութենական տարածքներ (վարչական միավորներ, որոնք ավելի քիչ իրավունք ունեն, քան նահանգը) ստեղծելու մասին: Այդ նպատակով խորհրդարանը հաստատել էր Սահմանադրության 370-րդ հոդվածի չեղարկումը, որը նահանգին հատուկ կարգավիճակ էր տալիս:
Մինչ Հնդկաստանի Սահմանադրությունում կատարված փոփոխությունները այս նահանգը հատուկ ինքնավարություն ուներ: Մասնավորապես, կենտրոնական կառավարության կողմից ընդունված բոլոր օրենքները (բացառությամբ պաշտպանության, արտաքին կապերի և այլ ոլորտներին վերաբերող) պետք է հավանություն ստանային նահանգի ասամբլեայի կողմից: Հնդկաստանի այլ շրջանների բնակիչներն այդտեղ հողատարածք գնելու իրավունք չունեին: Նահանգն ուներ սեփական դրոշը, մի շարք այլ առվելություններ: