Զորակոչի հետ կապված բողոքների կտրուկ նվազում ունենք. ՊՆ փոխնախարար
Այս տարվա զորակոչի արդյունքները բավականին բարձր են, վաղուց այդպիսի քանակությամբ նորակոչիկներ չենք ունեցել։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 12-ին, լրագրողների հետ զրույցում ասաց Պաշտպանության փոխնախարար Գաբրիել Բալայանը։
«Շատ շուտվանից չէին գրանցել այս քանակությամբ զինակոչիկների զորակոչ։ Նախորդ զորակոչի համեմատ՝ այս անգամ նորակոչիկների թիվը 15%-ով աճել է: Ունենք զորակոչի հետ կապված բողոքների կտրուկ նվազում՝ նախորդ զորակոչի համեմատ մոտավորապես 60 տոկոսով։ Դա աննախադեպ արդյունք է»,– ասաց նա։
Փոխնախարարը խոսեց նաև բանակում սննդի որակի և մթնոլորտի բարելավմանն ուղղված ծրագրերի մասին։
«Ճաշարաններից բացի հիմա շեշտը գնում է վերազինել սպորտ հրապարակները, իհարկե, առաջնահերթությունը տալով նաեւ կարգապահությանը։ Առաջնայինը կարգապահությունն ու կանոնագրքային հարաբերությունների հաստատումն է, որպեսզի մենք խուսափենք այն անցանկալի երեւույթներից, որոնք, ցավոք սրտի, դեռ կան։ Բավական ոգեւորություն է առաջացրել մեր պայմանագրային եւ սպայական զինծառայողների դրամական բավարարման ավելացումը, ինչը նաեւ տեսնում ենք, որ զինվորական գրավչությունն է բարձրացնում»,- ասաց Բալայանը։