«Բարսելոնայի» նախագահը կանի հնարավոր ամեն ինչ՝ Նեյմար Ժունիորի տեղափոխության գործարքը իրականացնելու
Կատալոնական «Բարսելոնայի» նախագահ Խոսեպ Մարիա Բարտոմեուն կանի հնարավոր ամեն ինչ, որպեսզի իրականացնի ֆրանսիական ՊՍԺ-ի հարձակվող Նեյմար Ժունիորի տեղափոխության գործարքը:
Կատալոնական ARA պարբերականի հաղորդմամբ՝ Խոսեպ Մարիա Բարտոմեուին չի գոհացրել ակումբի ղեկավարության աշխատանքը ՊՍԺ-ի հետ բանակցություններում, և Բարտոմեուն ԱՄՆ-ից վերադառնալուն պես անձամբ կզբաղվի Նեյմարի տեղափոխության գործարքով:
Սպասվում է, որ «Բարսելոնան» չի վճարի Նեյմարի տրանսֆերի համար պահանջվող գումարը՝ 180 միլիոն եվրո, փոխարենը՝ ՊՍԺ-ին կառաջարկի ֆուտբոլիստների փոխանակություն: Իսպանիայի չեմպիոնը պատրաստվում է ՊՍԺ-ին առաջարկել Ֆիլիպե Կոուտինիոյին, Նելսոն Սեմեդուին և ևս 50 միլիոն եվրո: ՊՍԺ-ին մոտ կանգնած տարբեր աղբյուրներ կարծում են, որ Թոմաս Տուխելը կողմ կլինի փոխանակության նման տարբերակն ընդունելուն:
Նեյմարի տրանսֆերի համար ՊՍԺ-ի հետ ակտիվ բանակցություններ է վարում նաև Մադրիդի «Ռեալը»: Արքայական ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսն անձամբ կապ է հաստատել Նեյմարի հետ և առաջարկել նրան դառնալ աշխարհի երկրորդ ամենաբարձր վարձատրվող ֆուտբոլիստը՝ տարեկան 40 միլիոն եվրո աշխատավարձով:
Ավելի վաղ հայտնի էր դարձել, որ 27-ամյա հարձակվողը զրուցել է «Բարսելոնայի» առաջատար Լիոնել Մեսիի հետ և խնդրել վերջինիս միջամտել իր տեղափոխությանը Կատալոնիա:
Էռնեստո Վալվերդեի թիմն այսօր ուշ երեկոյան ԱՄՆ-ում վերջին ընկերական հանդիպումը կանցկացնի «Նապոլիի» հետ, իսկ արդեն վաղը «Բարսելոնայի» պատվիրակությունը կվերադառնա Կատալոնիա: