ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում վերջապես լրագրող Գայանե Մանուկյանի գործով հետաձգված դատական նիստը թեև կայացավ, սակայն կրկին որևէ որոշում չկայացվեց
Օգոստոսի 9-ին ՀՀ վերաքննիչ քրեական դատարանում՝ (Ռ. Բարսեղյանի նախագահությամբ) կայացավ լրագրող Գայանե Մանուկյանի նկատմամբ «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու որոշման դեմ վերաքննիչ բողոքի քննության հետաձգված նիստը: Արդյունքում կրկին որևէ որոշում չկայացվեց:
Գայանե Մանուկյանի պաշտպան Տիգրան Ղազարյանը հայտնել է, որ դատավորը գործը հանձնելու է վերամակագրման՝ արձակուրդի մեկնելու պատճառաբանությամբ:
«Մի քանի նիստ տևած վերաքննիչ բողոքի քննության արդյունքում դատարանը որևէ եզրափակիչ որոշում այդպես էլ չկայացրեց: Գտնում ենք, որ լրագրողի արդար դատաքննության իրավունքը խախտման վտանգի տակ է»,- հավելել է Տիգրան Ղազարյանը:
Նախորդ դատական նիստի ընթացքում պարզ էր դարձել, որ դատական գործի նյութերում բացակայում են «Ներքին դիտում» օպերատիվ-հետախուզական միջոցառումն անցկացնելու թույլտվություն տալու մասին միջնորդության փաստաթղթային հիմքերը:
Հիշեցնենք, Operativ լրատվականը տեղեկացրել էր, որ Ոստիկանության 6-րդ վաչության աշխատակիցները շորթում կատարելու կասկածանքով ՃՈ պաշտոնատար անձի աշխատասենյակից բերման են ենթարկվել լրագրողի:
Ըստ որոշ տեղեկությունների՝ լրագրողը ՃՈ պաշտոնատար անձին ասել էր, թե վերջինիս վերաբերյալ վարկաբեկիչ տեղեկություններ ունի ևւ դրանք չհրապարակելու համար նրանից գումար էր պահանջել ու գումարը ստանալու հետո բերման ենթարկվել: