4 տարի քննվող «Զինված խմբի» գործը պետք է մակագրվի նոր դատավորի, քանի որ գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր
4 տարի շարունակ քննվող «Զինված խմբի» երկու տասնյակ անդամների գործը պետք է քննվի նորից։ Բանն այն է, որ գործը քննող Երևանի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արմեն Բեկթաշյանը նշանակվել է Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր։ Գործը պետք է մակագրվի մեկ այլ դատավորի, որն էլ պետք է այն քննի նորից։
News.am-ի հետ զրույցում գործով պաշտպան Սիրուշ Աղվանյանը հայտնել է, որ գործը դեռևս չի մակագրվել նոր դատավորի։
Նշենք, որ զինված խմբի 19 անդամներից ներկայումս կալանքի տակ է միայն խմբի ենթադրյալ պարագլուխ Արթուր Վարդանյանը, մյուսիների նկատմամբ ընտրված են այլընտրանքային խափանման միջոցներ։
Հիշեցնենք, որ 2015-ի նոյեմբերի 25-ին ԱԱԾ-ն հայտարարություն տարածեց այն մասին, որ Նորք–Մարաշում վնասազերծվել է զինված խումբ:
Ըստ մեղադրանքի՝ Արթուր Վարդանյանի գլխավորած՝ 2015 թվականին Նորք-Մարաշում վնասազերծված 20 հոգանոց զինված խումբը ծրագրել է բռնությամբ զավթել իշխանությունը: Մասնավորապես, թռիչքի պահին խոցել նախագահի օդանավը, հարձակում գործել ՀՀ նախագահի նստավայրի, Ազգային ժողովի, Սահմանադրական դատարանի, Կառավարության, Հանրային հեռուստաընկերության եւ այլ հաստատությունների շենքերի վրա: