Լոռու մարզի Գյուլագարակ համայնքում երեկ հարևանը թափառող շանը կրակելիս պատահմամբ վնասել է իր հարևանությամբ բնակվող 9–ամյա աղջկան
Արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզի Գյուլագարակ համայնքի Կուրթան վարչական շրջանում: Երեկ՝ օգոստոսի 7-ին, հարևանը թափառող շանը կրակելիս պատահական վնաս է հասցրել իր հարևանությամբ բնակվող 9-ամյա աղջկան։
Ոստիկանության լրատվության բաժնից տեղեկացնում են, որ երեկ՝ 11։30-ին, աջ ծնկան և կրունկաթաթային հոդի շրջանում օտար մարմնի ախտորոշմամբ Ստեփանավանի ԲԿ են տեղափոխել 2009 թվականի ծնված աղջկա։
Նույն օրը 11։45-ին կամովին բաժին է ներկայացել Կուրթանի բնակիչը և հանձնել հրազենը։ Նա պատմել է, որ իրենց տան բակում իր անչափահաս երեխայի վրա հարձակվել է թափառող շուն, և վնասազերծելու նպատակով իր որսորդական հրացանով 1 անգամ կրակել է շան ուղղությամբ, կրակոցից արձակված կոտորակից դիպել է իր հարևանությամբ բնակվող տան պատշգամբում կանգնած երեխայի աջ ոտքին։
Հրազենը վերցրել են։ Նշանակված է դատաբժշկական փորձաքննություն։ Նյութեր են նախապատրաստվում։
Բժիշկներն աղջկա վիճակը գնահատում են բավարար։