Այսօրվանից ԱԺ աշխատակազմում 54 հոգի աշխատանք չի ունենա․ 168․am
Ազգային ժողովում պատրաստվում են կառուցվածքային փոփոխությունների, որոնք հնարավորինս գաղտնի են պահվում աշխատակիցներից, հայտնում է 168.am-ը։
Առաջարկվող փոփոխությամբ՝ ԱԺ-ն պետական ծառայողի դասի աշխատակազմ պիտի չունենա, կամ ներկայիս 230 պետծառայողի փոխարեն՝ 100 հաստիքով պետք է բավարարվի՝ ԱԺ Արարողակարգային վարչությունով, Քարտուղարությամբ և Արտաքին կապերի վարչությունով:
Փոխարենը, առաջարկվող փաթեթի համաձայն՝ ԱԺ աշխատակազմի մնացած առնվազն 300 կադրերը կամ կկրճատվեն, կամ կդառնան քաղիրավական պայմանագրով աշխատողներ:
168.am-ի հարցմանն ի պատասխան՝ ԱԺ-ն ներկայացրել է ՀՀ Ազգային ժողովի գործող աշխատակազմի հաստիքացուցակը և 09.08.2019-ից ուժի մեջ մտնող հաստիքացուցակը։
Ներկայացված փաստաթղթից ակնհայտ է դառնում, որ ԱԺ թվով 54 աշխատակիցներ այսօրվանից կկորցնեն իրենց աշխատանքը, քանի որ այդքան թվով հաստիք ԱԺ-ում այլևս չկա։
Գրծող հաստիքացուցակով տեխնիկական սպասարկում իրականացնող անձնակազմը, ներառյալ՝ մաքրուհիները, 208-ն են, վաղվանից նրանց թիվը 61-ով պակաս կլինի՝ 147 հոգի։
Վարչական աշխատողների քանակը 4-ից դարձել է 5, հայեցողականինը՝ 164-ից՝ 167, պետծառայողների թիվն ավելացել է՝ 232-ից դառնալով 240, քաղաքացիական աշխատանք կատարողների թիվը, ընդհակառակը, կրճատվել է՝ նախկին 41-ի փոխարեն՝ 36, բյուջետային գրասենյակի աշխատողների քանակը նույնն է՝ 5։
Լրատվամիջոցի տեղեկություններով՝ քաղիրավական պայմանագրերին անցում անելու իմաստն այն է, որ ԱԺ աշխատակազմ ներմուծվեն նաև այլազգի միջազգային փորձագետներ:
Նրանց վերապահված է լինելու օրենսդրական դաշտում փոփոխությունների փաթեթների մշակումը: Կայքի աղբյուրի պնդմամբ՝ ԵՄ-ի հետ ՀՀ օրենսդիր մարմինն այս դաշտում որոշակի պայմանավորվածություն ունի Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկիի հետ, փորձագետները ԵՄ-Հայաստան համաձայնագրի շրջանակում և ԵՄ-ի համար շահագրգիռ ոլորտներում կիրականացնեն մի շարք առանցքային փոփոխություններ:
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում: