Քոյ-Տաշում ուժի կիրառմամբ սկսել են ցրել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի աջակիցներին
Քոյ-Տաշում ուժի կիրառմամբ սկսել են ցրել Ղրղզստանի նախկին նախագահ Ալմազբեկ Աթամբաեւի աջակիցներին, հաղորդում է «Սպուտնիկ Ղրղզստան»-ը:
Ժամը 19:30-ի սահմաններում իրավապահ մարմինների աղբյուրը գործակալությանը հայտնել է, որ Աթամբաեւին ձերբակալել են եւ տանում են Բիշքեկ:
«Քոյ-Տաշ գյուղի կենտրոնում ավտոբուսների եւ տեխնիկայի շարժ է նկատվում, ուժի կիրառմամբ ցրում են աջակիցներին: Պայթյում են լուսաձայնային նռնակներ: Ոստիկանները ցրում են քաղաքացիական անձանց: Տաշ-Մոյնոկ գյուղն (գտնվում է Քոյ-Տաշից ներքեւ) ամբողջությամբ լի է ավտոմեքենաներով, դաշտերում քիչ թվով մարդկանցով: Ոստիկանությունը դեռեւս գտնվում է Քոյ-Տաշի ստորին հատվածում, սակայն ամբոխին ցրում է Տաշ-Մոյնոկի ուղղությամբ: Շուտով իրավապահներն ու մարդիկ Տաշ-Մոյնոկում կռվի կբռնվեն»,- պատմել է ականատեսը:
Հիշեցնենք, որ օգոստոսի 7-ին հատուկջոկատայինները Քոյ-Տաշում Աթամբաեւի ձերբակալման օպերացիա են անցկացրել, սակայն հակագրոհի են ենթարկվել նախկին նախագահի աջակիցների կողմից: Վերջին տվյալների համաձայն՝ 2 օրվա բախումների ընթացքում տուժել է 85 մարդ, 1 հատուկջոտային զոհվել է:
Այսօր՝ օգոստոսի 8-ին, ժամը 16:30-ի սահմաններում Քոյ-Տաշում բախում է տեղի ունեցել ոստիկանության եւ ընդդիմադիրների միջեւ: Իրավպահները լուսաձայնային նռնակներ են կիրառել, Աթամբաեւի աջակցիները նրանց ուղղությամբ Մոլոտովի կոկտեյլներ եւ քարեր են նետել:
Ժամը 18:20-ի սահմաններում մոտ 100-150 մարդ ճեղքել է ոստիկանական շղթան Կոկ-Ժար գյուղում եւ բացել Ապրիլի 7-ի փողոցը. այն փակվել էր իրավապահների կողմից՝ Քոյ-Տաշ մարդկանց մուտքն արգելելու համար: