Վերին Լարս անցակետում հսկայական խցանում է առաջացել վրացական կողմում վերանորոգման աշխատանքների պատճառով
Վերին Լարս հսկիչ անցակետում, որը գտնվում է Ռուսաստանը Անդրկովկասի երկրների հետ կապող Ռազմական - Վրացական ճանապարհի հյուսիսօիսական հատվածում, վրացական կողմում իրականացվող վերանորոգման աշխատանքների պատճառով ավտոմեքենաների մեծ հերթ է առաջացել:
Այս մասին հայտնում է Հյուսիսային Կովկասի մաքսային վարչության մամուլի ծառայությունը:
Ըստ աղբյուրի՝ վերջին օրվա ընթացքում մուտքի մոտ ժամանել է միայն 73 բեռնատար, մինչդեռ, միջինում 250-ից 400 բեռնատարներ են ժամանում:
Ռուսաստան-Վրաստան ուղղությամբ եւ հակառակը մինչեւ 500 տրանսպորտային միջոցների հերթեր են գոյացել: Ռուսաստանից սահմանը հատող մեքենաները չեզոք տարածքում խցանման մեջ են հայտնվում, քանի որ Վրաստանի ճանապարհահատվածում վերանորոգման աշխատանքներ են իրականացվում:
Պետք է հաշվի առնել, որ տվյալ իրավիճակը ծագել է այն պատճառով, որ ամռան ավարտին՝ արձակուրդների եւ մրգերի և բանջարեղենի ներմուծման շրջանում անցակետը գերծանրաբեռնված է լինում:
Կազբեգի-Վերին Լարս անցակետի (Ռուսաստանի հետ Վրաստանի սահմանի) ուղղությամբ տրանսպորտային միջոցների տեղաշարժի սահմանափակումները կսահմանվեն օգոստոսի 7-ից 9-ը, ասվում է Վրաստանի ավտոճանապարհների բաժնի կայքում:
Ասֆալտի ծածկույթի վերանորոգման աշխատանքներն իրականացվում են Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս միջազգային նշանակության մայրուղու 94-րդ հատվածում գտնվող թունելում: Մինչև օգոստոսի 9-ը՝ ամեն օր 08: 00-ից 17: 00-ն, արգելվում է կցորդով և կիսակցորդով տրանսպորտային միջոցների երթեւեկությունը:
Հսկիչ անցակետը գործում է շուրջօրյա, աշխատանքը կատարվում է սովորական ռեժիմով:
Խնդրում ենք հաշվի առնել ստեղծված իրավիճակը ռուս-վրացական սահմանը հատելու հետ կապված ուղեւորությունների ծրագրման ժամանակ: