Ավելներով բողոքի ակցիա քաղաքապետարանի դիմաց
Երևանի ավագանու նախկին անդամ Սոնա Աղեկյանն իր աջակիցների հետ բողոքի ակցիա է անցկացնում քաղաքապետարանի դիմաց' պահանջելով քաղաքապետ Հայկ Մարությանի լուծել աղբի խնդիրը:
Ակցիայի մասնակիցներն իրենց հետ ավելներ են բերել, ցույցը հսկում են մոտ մեկ տասնյակ ոստիկաններ: Աղեկյանը նշեց, որ ավելները բերել են, որպեսզի մաքրեն մայրաքաղաքը, և հավելեց, որ իրենց ակցիաները շարունակական են լինելու:
Սոնա Աղեկյանը բարձրախոսով հայտարարեց, որ քաղաքային իշխանությունը անգործության է մատնված, իսկ քաղաքապետը նույնիսկ չի շփվում քաղաքացիների հետ:
«Երևանում աննախադեպ աղբ է, և աննախադեպ գարշահոտություն է տիրում: Մարդիկ գարշահոտությունից տարբեր հիրվանդություններ են ձեռք բերել և անընդհատ Շտապօգնության մեքենաներով գնում են ինֆեկցիոն հիվանդանոց: Այս մասին երբ որ խոսում ենք, քաղաքապետը ջայլամի քաղաքականություն է վարում և չի պատասխանում այս մեղադրանքներին»,- ասաց Սոնա Աղեկյանը:
Նա նաև նշեց, որ իրենց հարցերը տեսաուղերձով են հղել, սակայն պատասխան չեն ստացել, գրավոր են հարցերն ուղղարկել նույնպես պատասխան չեն ստացել:
«Երբ որ քաղաքապետը գալիս է ասուլիսին և նվնվում, որ նախկին իշխանությունների մեղավորությունն է, որ իրավիճակը չի շտկվում, ապա մենք էլ ասում ենք` ինչու նախորդ իշխանություններին չեք կանչում պատասխանատվության»,-ասաց Աղեկյանը:
Մանրամասն՝ տեսանյութում: