Ես մնում եմ նույն կարծիքին՝ Սահմանադրական դատարանը այս կազմով չի կարող քննել Ռոբերտ Քոչարյանի գործը․ Գագիկ Ջհանգիրյան (Տեսանյութ)
«Ես մնում եմ նույն կարծիքին՝ Սահմանադրական դատարանը այս կազմով չի կարող քննել Ռոբերտ Քոչարյանի գործը: Քանի որ Սահմանադրական դատարանի կազմը լեգիտիմ չէ, հետևաբար չի կարող այդպիսի կարևորագույն հարց քննության առնել: Հուսամ՝ իշխանությունները, հետևելով Սահմանադրության ոգուն և տառին, պետք է այս կնճիռը լուծեն, և ինչքան շուտ լուծեն, այնքան լավ կլինի թե՛ երկրի, թե՛ ժողովրդի, թե՛ նաև ՍԴ-ի համար»,- այս մասին «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց նախկին զինդատախազ, իրավագետ Գագիկ Ջհանգիրյանը:
«Չեմ կարծում, թե կրքերը հանդարտվել են, կարծում եմ՝ սահմանադրական դատարանը նահանջի մեկ քայլ կատարեց, բայց հետո կարող է գրոհը շատ ավելի ուժգին լինել, քան նախկինում,- նշեց Գ. Ջհանգիրյանը՝ հավելելով, որ նախկին իշխանության կապերը շատ ամուր են թե՛ Վենետիկի հանձնաժողովի, թե՛ ՄԻԵԴ-ի հետ, և դա կարող է ազդեցություն ունենալ որոշումների վրա: «Այնպես որ, չեմ կարող ասել, թե խաղաղ իրավիճակ է. առայժմ «զինադադար» է, բայց ամեն վայրկյան կարող է «պատերազմը» վերսկսվել»,- ընդգծեց մեր զրուցակիցը:
Աղբյուրը՝ 1in.am