«BBC–ում հրապարակված հոդվածն իրականության հետ կապ չունի, կարծում եմ՝ սա պատվեր է մեր հարեւանների կողմից». Սամվել Կարապետյան
BBC–ում հրապարակված հոդվածն իրականության հետ որևէ կապ չունի։ Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է Արցախի պաշտպանության բանակի հրամանատարի նախկին տեղակալ Սամվել Կարապետյանը (Օգանովսկի)։
«Ես չգիտեմ՝ ինչու է նման հոդված հրապարակվել, սակայն, այն իրականության հետ որևէ աղերս չունի։ Կարծում եմ՝ սա պատվեր է մեր հարևանների կողմից»,– ասել է Սամվել Կարապետյանը։
ՊԲ նախկին հրամանատարը հայտնել է, որ ինքն ամիսներ առաջ հարցաքննվել է «Մարտի 1»–ի գործի շրջանակներում, և իր համար անհասկանալի է, թե ինչու է հատկապես այս ժամանակաշրջանում նման հոդված հրապարակվում։
Հիշեցնենք, որ BBC–ն, վկայակոչելով իր տրամադրության տակ հայտնված որոշ նյութեր և հարցաքննություններ, գրում է, որ Մարտի 1-ի գործով քննիչները կարծում են՝ ցուցարարների վրա կրակ են բացել ղարաբաղյան ուժայինները, որոնց հրամանատարը եղել է գեներալ Կարապետյանը (գործով որպես վկա է ներգրավված):
Հարցաքննություններին քննիչները պնդել են, որ նրա ջոկատը տեղավորվել է նախագահի աշխատակազմի նկուղում: Քննությունը կարծում է, որ ջոկատին այցելել են երկու նախագահները՝ Ռոբերտ Քոչարյանը և Սերժ Սարգսյանը: Քննիչները նաև ստուգում են երկու ազդեցիկ գործարարներ Գագիկ Ծառուկյանի և Սամվել Ալեքսանյանի դերը, որոնք կարող էին ֆինանսավորել ցույցի ցրման օրերին ղարաբաղյան ուժայինների Երևանում գտնվելու ծախսերը: Դրա հետ մեկտեղ հեղինակը գրում է, որ չի կարողացել ցուցարարների սպանությունների բոլոր հանգամանքների անկախ հաստատումը ստանալ: