Նոր Զելանդիայում գտել են աշխարհում ամենախոշոր թութակի մնացորդները
Հնագետների միջազգային խումբը Նոր Զելանդիայում գտել է հսկա թութակի քարացած մնացորդներ: Չորեքշաբթի New Zealand Herald պարբերականը հայտնել է, որ թռչունն ապրել է ավելի քան 20 մլն տարի առաջ եւ հասել է 1 մետր բարձրության՝ 10 կգ քաշի պարագայում:
Ավստրալիայի եւ Նոր Զելանդիայի գիտնականների խմբի հայտնաբերած հսկա թութակի քարացած մնացորդների անալիզը թույլ է տվել հնագույն թռչունին նույնականացնել որպես երբեւէ գոյություն ունեցած թութակների տեսակների ամենախոշոր ներկայացուցիչ: «Երբ մենք Օտագոյում հին ոսկու հանքավայրի մոտ պեղումների ժամանակ ոսկորները հայտնաբերեցինք, ապա սկզբում մտածեցինք, որ դա բադ է կամ կիվիի տեսակի չթռչող թռչունի մնացորդներ, բայց ոչ թութակ: Նախկինում ոչ ոք երբեք չի հանդիպել այսպիսի չափերի թութակների հետքերի»,- ասել է պեղած ոսկորներն ուսումնասիրած դոկտոր Թրեւոր Ուորթին: Ռադիոածխածնային անալիզը ցույց է տվել, որ դրանց տարիքը կազմում է մոտ 20 մլն տարի:
«Մենք մեր թութակին մեծ չափերի համար Հերակլես ենք անվանել: Այն հասնում էր ժամանակակից մարդու մինչեւ գոտկատեղը եւ կարող էր 7-ից մինչեւ 10 կգ կշռել: Նրա ժամանակներում Նոր Զելանդիայի մեծ մասը միայն վերջերս էր ծովից երեւացել եւ սուբարեւադարձային դրախտ էր՝ բնակեցված ցամաքային կրիաներով եւ հնագույն կոկորդիլոսներով: Դա շատ տաք աշխարհ էր՝ պատված խիտ կանաչ անտառներով, այնպես որ Հերակլեսը եւ նրա ցեղակիցները, ամենայն հավանականությամբ, ոչ թե թռչում, այլ քայլում էին գետնի վրա՝ հավաքելով ընկույզներ, սերմեր եւ մրգեր», -պարզաբանել է Ուորթին:
Ցավոք, ինչպես նշում են գիտնականները, հսկայական թութակին հատկացված ժամկետը, երկար չի տեւել: 12 մլն տարի առաջ տեղի ունեցած գլոբալ սառեցումը զգալիորեն նվազեցրել էր Նոր Զելանդիայի կղզիներում ջերմաստիճանը եւ հսկայական թռչունները սուբարեւադարձայի անտառների անհետացումից հետո վերացել էին: Հնագետները հույս ունեն, որ քարացած մնացորդների ավելի մանրակրկիտ ուսումնասիրությունը եւ ԴՆԹ անալիզը կօգնեն գտնել Հերակլեսի ժամանակակից ցեղակիցներին՝ թեկուզ եւ շատ փոքր: