Սաուդյան Արաբիայի գահաժառանգ արքայազնը գործարկել է Էրդողանի տապալման ծրագիրը
Սաուդյան Արաբիան սկսել է «ռազմավարական ծրագրի» իրականացումը, որը կոչված է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանին թուլացնելուն եւ հետագայում պաշտոնից հանելուն: Middle East Eye-ի տեղեկություններով, որի տրամադրության տակ է հայտնվել Արաբական Միացյալ Էմիրությունների կառավարության համար պատրաստված գաղտնի զեկույցը, ծրագիրը մշակվել է այն բանից հետո, երբ սաուդցի գահաժառանգ արքայազն Մուհամմեդ բին Սալմանը, որին պարբերականը համարում է թագավորության դե ֆակտո տիրակալը, որոշել է, որ «չափից ավելի հանդուրժող» է եղել Էրդողանի հետ Ստամբուլում սաուդյան հյուպատոսության տարածքում Էր Ռիադին ընդդիմադիր լրագրող Ջամալ Խաշոգջիի սպանությունից հետո:
Նյութում նշվում է, որ Խաշոգջիի սպանությունը միջազգային հնչեղություն էր ստացել մեծապես հենց Թուրքիայի արձագանքի պատճառով, որը Սաուդյան Արաբիային պատասխան տալու կոչ էր անում: Մասնավորապես ԱՄՆ ԿՀՎ-ն եւ Սենատը համաձայնվել էին թուրքական հետախուզության եզրակացություններին այն մասին, որ բին Սալմանն անձամբ մասնակից է ողբերգությանը:
Զեկույցում նշված է, որ Էրդողանը «չափազանց հեռու է գնացել» Սաուդյան Արաբիային եւ գահաժառանգ արքայազնին վարկաբեկելու իր արշավում: Փաստաթղթում նշված է, որ Թուրքիան զգալի աջակցություն չի ցուցաբերել սպանության քննությանը, բայց դրա փոխարեն նպաստել է լրատվամիջոցներում «ապատեղեկատվության» հայտնվելուն՝ ուղղված «թագավորության իմիջի խաթարմանը եւ գահաժառանգ արքայազնի հեղինակության կործանմանը»:
Արդյունքում Էր Ռիադը որոշել է, որ ժամանակն է «ուժեղացնել պատասխան հարվածը» եւ թուլացնել տարածաշրջանում Թուրքիայի նախագահի ազդեցությունը: Ծրագրի համաձայն՝ Սաուդյան Արաբիան մտադիր է գործարկել բոլոր հնարավոր գործիքները Էրդողանի կառավարության վրա կոշտ ճնշման համար: Թագավորությունն առաջին հերթին պատրաստվում է դադարեցնել ներդրումները թուրքական տնտեսության մեջ, կրճատել երկիր զբոսաշրջային հոսքերը եւ ներմուծման ծավալը, իսկ գլխավորը՝ նվազեցնել իսլամի հարցերում Թուրքիայի դերը: