Կարծես թե, Նիկոլ Փաշինյանն էլ անընդհատ դիմում է Սերժ Սարգսյանին՝ բողոքելով ժառանգած ավերակներից
Վարչապետ Նիկոլ Փաշինյանի լայվը նայելիս տպավորությունն այնպիսին էր թե, լսում ենք Մովսես Խորենացու կողմից փոխանցված հայտնի ավանդազրույցը, երբ արքայազն Արտավազդը դիմում է մահացող Արտաշես արքային. «Մինչ դու գնում ես և ամբողջ երկիրը քեզ հետ ես տանում, ես ավերակների վրա ո՞ւմ թագավորեմ»։
Հիմա նույն տրամաբանությամբ, կարծես թե, Նիկոլ Փաշինյանն էլ անընդհատ դիմում է Սերժ Սարգսյանին՝ բողոքելով ժառանգած ավերակներից: Ինչ Փաշինյանը վարչապետ է դարձել, միշտ նույն տեքստն ենք լսում, թե ինչքան վատն են նախորդները, ինչքան հանցավոր են և թե ինչ դաժանությամբ են թալանել երկիրը:
Անկեղծ ասած՝ հոգնել ենք վարչապետի նմանատիպ ելույթներից, քանի որ դրանք ընդամենը խոսքեր են և չեն համապատասխանում նրա կողմից իրականացվող քաղաքականությանը: Եթե Սերժ Սարգսյանն ու նախորդ ռեժիմը այդքան հանցավոր են ու կոռումպացված, ապա ինչու նրանք պատասխանատվության չեն ենթարկվում, ինչու նրանց գործունեությանը քաղաքական գնահատական չի տրվում: Եթե վերջին երկու գործողությունները չկան, ապա, դրանից ելնելով, խոսքերն ու ելույթները այլևս արժեզրկված են ու անբովանդակ: Պետք չի անընդհատ բողոքել ու սենսացիոն բացահայտումներ անել, անհրաժեշտ է գործել և գործով ապացուցել նախկինների հանցավոր էությունը:
Եվ վերջում նշենք հետևյալը. վարչապետ Փաշինյանը անընդհատ խոսում է ինստիտուտներից ու ինստիտուցիոնալիզմից՝ նշելով, թե Սարգսյանի ռեժիմը կազմաքանդել ու փոշիացրել է բոլոր պետական ինստիտուտները: Այստեղ տրամաբանական հարց է առաջանում, թե ինչ քայլեր է ձեռնարկել հենց ինքը՝ Փաշինյանը, ինստիտուտներ ստեղծելու և ներդնելու ուղղությամբ: Ապաշնորհ և ոչ կոմպետենտ կադրերի առաջ մղման իրողությունը արդեն իսկ խոսուն ապացույց է՝ մեկնաբանություններ չպահանջող:
Նյութի աղբյուրը՝ 1in.am