Ամերիկյան 2 խոշոր լրագրային ընկերությունները հայտարարել են միավորման մասին
Ամերիկյան 2 խոշոր լրագրային ընկերություններ՝ GateHouse Media-ն եւ Gannett-ը երկուշաբթի հայտարարել են միավորման մասին, գործարքը գնահատվում է 1,38 մլրդ դոլար, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
CNN-ն հայտնում է, որ Gannett-ի սեփականությունն են USA Today-ը եւ մի ամբողջ շարք տեղական լրագրեր, իսկ GateHouse Media-ի սեփականությունն են պարբերականներ 39 նահանգներում: Ըստ CNN-ի՝ միավորման արդյունքում «հարյուրավոր տեղական լրագրեր կհայտնվեն մեկ ընկերության կառավարման ներքո»: Վկայակոչելով Nieman Lab հետազոտական կազմակերպության գնահատականները՝ հեռուստաալիքը նշում է, որ նոր ընկերության վերահսկողության տակ կհայտնվի «օրաթերթերի ավելի քան մեկ վեցերորդը»:
Նշվում է, որ միավորված ընկերությունը կկոչվի Gannett, կենտրոնակայանը կտեղակայվի Վաշինգտոնի արվարձանում, իսկ նախագահի եւ գլխավոր կառավարչի պաշտոնը կզբաղեցնի New Media հոլդինգի գլխավոր կառավարիչ Մայքլ Ռիդը, որը վերահսկում է GateHouse Media ընկերությունը: