Բաքուն իր անազնիվ նպատակներով խեղաթյուրում է վարչապետի հայտարարությունը. Ստեփանակերտ
Բաքվում խեղաթյուրում են նախօրեին Ստեփանակերտում հանրահավաքին վարչապետի արած հայտարարությունը՝ ելնելով իրենց անազնիվ նպատակներից:
Այս մասին ասաց Արցախի նախագահի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչության պետ Դավիթ Բաբայանը ՝ News.am-ի թղթակցի խնդրանքով մեկնաբանելով Բաքվի արձագանքը:
«Խոսելով միացում գաղափարի մասին, Հայաստանի վարչապետը ենթադրում էր ազգային իդեալներ, այն, ինչին ձգտում է ամբողջ աշխարհի հայությունը:
Սա չի ենթադրում Արցախի պետականության ապամոնտաժում: Մենք բոլորս վերամիավորում ենք ուզում և չենք թաքցնում դա: Սակայն հարկավոր է նաև հաշվի առնել գլոբալ, տարածաշրջանային, աշխարհաքաղաքական գործոնները: Դրանց տեսանկյունից՝ երկու հայկական պետությունները ոչ միայն չեն թուլացնում հայության դիրքերը, այլև, հակառակը, թույլ են տալիս արդյունավետ դիմակայել շատ մարտահրավերների: Ադրբեջանն էլ փորձում է հնչեցված թեզիսները հօգուտ իրեն ներկայացնել, իր անազնիվ նպատակների համար՝ անտեսելով Փաշինյանի՝ Արցախում ժողովրդավարության հետ կապված այլ մտքերը», - ասաց Բաբայանը:
Պատասխանելով հարցին այն մասին, որ Ադրբեջանում անընդհատ պնդում են հողերի և քաղաքացիների վերադարձի մասին, սպառնում են Արցախի բնակիչներին, սակայն ոչ մի փորձ չեն ձեռնարկում նրանց համակրանքին արժանանալու համար, Բաբայանը նկատեց, որ դա իսկապես բավականին տարօրինակ քաղաքակնություն է:
«Կարգավորման բանալին ռևանշը չէ, ոչ էլ Արցախի գրավումը: Դա կործանարար է առաջին հերթին հենց Ադրբեջանի համար: Նա պետք է փոխի քաղաքականությունը, շեշտը դնի հարաբերությունների նորմալացման վրա, դադարի սպառնալ ոչնչացմամբ: Սակայն կարգավորման փորձերի փոխարեն սպառնալիներ են հնչում», - արձանագրեց Բաբայանը՝ հավելելով, որ հայկական կողմի համար ամենակարևորը միասնությունն ու հայրենասիրությունն է, ինչը ենթադրում է միմյանց լսելու և ուրիշի կարծիքը հարգելու կարողություն: