Նոր իշխանությունների օրոք էլ դեռ ԽԾԲ-ն շարունակվո՞ւմ է. Կարո Ղուկասյանի պնդմամբ Արգիշտի Քյարամյանը վարչության պետի տեղակալի պաշտոնին նշանակել է իր սանիկին
ՀՀ ՊՎԾ պետի ժամանակավոր պաշտոնակատար Արգիշտի Քյարամյանը իր սանիկին նշանակել է վարչության պետի տեղակալի պաշտոնին։ Այս մասին այսօր՝ օգոստոսի 6-ին, News.am-ի հետ զրույցում պատմել է ՊՎԾ արդեն նախկին աշխատակից Կարո Ղուկասյանը։
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը հաղորդեց, որ նա այսօր ազատվել է այդ պաշտոնից։
Ղուկասյանը պատմեց, որ գրանցված է եղել ՊՎԾ-ի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում որպես իրավախորհրդատու։
«Հետո այնպես ստացվեց, որ այդ բաժինը պետք է լուծարվեր։ Ու այդ բոլոր պարտականությունները պետք է դրվեին ՊՎԾ պետի օգնականի վրա։ Այդ ժամանակ ես գնացի գնումների բաժին, բայց դեռ գրանցված էի Տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնում։ Այսինքն՝ գրանցված եմ եղել այլ բաժնում, բայց աշխատել այլ բաժնում»,- պատմել է նախկին աշխատակիցը։
Նրա խոսքով՝ երբ 2 ամիս առաջ իրեն տեղեկացել են իր հաստիքի կրճատման մասին, ինքը հանդիպել է ՊՎԾ պետի պաշտոնակատարի հետ. «Ինձ ասաց՝ կվերանայենք, կքննարկենք։ Եթե հաստիքը կրճատվում է, այդ դեպքում ի՞նչ հանգամանքներում են նոր մարդ ընդունում գործի, կամ եթե կրճատվում է ինչ-որ բաժին, ապա պետք է համալրվի մեկ այլ բաժին։ Այսինքն, հաստիքը կրճատվում է, մարդիկ ազատվում են, բայց մարդիկ էլ կան, նոր են ընդունվում»։
Կարո Ղուկասյանը պատմել է, որ Արգիշտի Քյարամյանը փորձում է իր բարեկամներին նշանակել ՊՎԾ-ի ազատ հաստիքներին, սակայն ինչ-ինչ հանգամանքներում չի ստացվում. «Հիմա պետը իր ծանոթին է բերել։ Բերել, իր սանիկին է տեղավորել վարչության պետի տեղակալի պաշտոնին»։
Նշենք, որ Կարո Ղուկասյանն ամենաակտիվ հեղափոխականներից էր։ Նա «Էլեկտրիկ Երևան» շարժման խորհրդանիշը դարձած լուսանկարի հերոսն էր։