«Հյուսիս-Հարավի» ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներին խոստացել են հանդիպում կառավարության անդամների հետ
«Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 25 ենթակապալառու ընկերությունների աշխատակիցները օգոստոսի 8-ին կհանդիպեն Կառավարության անդամների հետ՝ քննարկելու աշխատակիցների պահանջները։ Նշենք, որ այսօր՝ օգոստոսի 6-ին, ընկերությունների աշխատակիցները պատրաստվում էին իրականացնել բողոքի ակցիա, սակայն կազմակերպիչներից Գուրգեն Հովհաննիսյանին հրավիրել էին ոստիկանության Աշտարակի բաժանմունք։
Նշենք, որ «Հյուսիս-հարավի» շինարարության հիմնական կապալառու «Կորսան Կորվիամ» ընկերության հետ կառավարությունը խզել է պայմանագիրը, եւ այժմ իսպանական ընկերությանը ծառայություններ մատուցած ընկերությունները պահանջում են, որպեսզի կառավարությունը իսպանական կազմակերպությունից հետ պահման եւ երաշխիքային գումարներից վճարի արդեն 1 տարի չվճարած գումարները։
Ենթակապալառու ընկերության աշխատակից Գուրգեն Հովհաննիսյանն ասել է, որ իրեն ոստիկանության բաժանմունքում հորդորել են՝ չիրականացնել բողոքի ակցիա եւ չփակել Աշտարակ-Ուջան ավտոճանապարհը։
«Աշտարակի ոստիկանապետ Մարտիրոսյանն ասաց, որ կմիջնորդի, որպեսզի կայանա հանդիպում Կառավարության անդամների հետ, օգոստոսի 8-ին, նիստից հետո կհանդիպենք աշխատակիցների հետ, կքննարկենք մեր պահանջը»,– ասել է նա։
Հիշեցնենք, քիչ առաջ Operativ լրատվականը, հղում կատարելով News.am լրատվականին, հաղորդեց, որ «Հյուսիս-հարավ» ավտոճանապարհի 25 ենթակապալառու ընկերությունների աշխատակիցներն այսօր՝ օգոստոսի 6-ին, բողոքի ցույց էին պատրաստվում կազմակերպել, նրանք պատրաստվում էին փակելու ճանապարհի Աշտարակ-Ուջան հատվածը: