Ավազակային հարձակում Կոտայքի մարզում․ տականքը բռնություն է կիրառել տարեց կնոջ նկատմամբ և տանից հափշտակել ոսկյա զարդեր
Այսօր, օգոստոսի 6-ին ավազակային հարձակում է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 08։20-ի սահմաններում անհայտ անձը մտել է Պտղնի գյուղի Նոր թաղամասի 36 տուն, հաղորդում է Shamshyan.com-ը:
Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, հանցագործը տան մեջ բռնություն է կիրառել տանտիրուհու նկատմամբ, այնուհետև հափշատկել ոսկյա զարդեր և դիմել փախուստի։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ տանտիրուհուն Աբվոյանի շտապօգնության բժիշկները տեղափոխել են հիվանդանոց։ Դեպքի վայր են ժամանել Ոստիկանության Կոտայքի մարզային վարչության օպերատիվ խումբը՝ վարչության պետ Դավիթ Սարգսյանի, վարչության պետի օպեր գծով տեղակալ Ալիկ Հակոբյանի գլխավորությամբ։
Ժամանել են նաև Ոստիկանության Կոտայքի բաժնի օպերատիվ խումբը՝ բաժնի պետ Արտակ Ղազարյանի և բաժնի պետի օպեր գծով տեղակալ Անդրանիկ Մելոյանի գլխավորությամբ։ Ժամանել են նաև Հայաստանի քննչական կոմիտեի Կոտայքի մարզային քննչական վարչության պետ Մհեր Վարդանյանը և նույն վարչության Կոտայքի քննչական բաժնի պետ Ռուբեն Մկրտչյանը։ Այս պահին դեպքի վայրում աշխատում են Ոստիկանության Կոտայքի բաժնի փորձաքրեագետը, իսկ քննիչները դեպքի վայրի տեղազննություն են կատարում։ Փաստի առթիվ Կոտայքի քննչական բաժնում ՀՀ ՔրՕրի175 հոդվածի 2-րդ մասի 2-րդ, 3-րդ, 4-րդ կետերի հատկանիշներով հարուցվել է քրեական գործ։ Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են հիվանդանոց տեղափոխվածի ինքնությունը։
Դեպքի վայրում հավաքված մի քանի քաղաքացիներ, ովքեր հրաժարվեցին տեսախցիկի առջև խոսել, ասում էին, որ տան տիրուհին աչքի մասում վնասվածք է ստացել տուն ներս մտած այդ տականքի կողմից ծեծի ենթարկվելու հետևանքով։
Լուսանկրաները՝ Գագիկ Շամշյանի