Մարտունակ բանակ ունենալու տեսլականը մեր տնտեսության համար ոչ թե խոչընդոտ, այլ խթան պիտի հանդիսանա. Փաշինյան
Այս կառավարությունը բանակի մարտունակության բարձրացման առումով պարծենալու բաներ ունի, որոնցից որոշ բաներ հրապարակման ենթակա չէ: Այս մասին այսօր՝ օգոստոսի 5–ին Ստեփանակերտում ազգային միասնականությանը նվիրված համահայկական հանրահավաքին իր ելույթում ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ես այսօր մանրամասն չեմ անդրադառնում Արցախի հարցի բանակցային գործընթացներին, որովհետեւ մինչ այժմ արված իմ հրապարակային հայտարարություններին, ներառյալ այսօրվա հայտարարությունը, ավելացնելու ոչինչ չունեմ: Այն, ինչ հայտարարել եմ 2019 թվականի մարտի 12-ին Ստեփանակերտում տեղի ունեցած Հայաստանի եւ Արցախի անվտանգության խորհուրդների համատեղ նիստում եւ հուլիս 17-ին «Ազատություն» ռադիոկայանին տված հարցազրույցում, նկատի ունեմ Արցախի հարցին վերաբերող հատվածը, շարունակում է եւ շարունակելու է մնալ Արցախի հարցի բանակցային գործընթացում մեր գործողությունների առանցքը»,-ասաց նա:
Փաշինյանն ասաց, որ չնայած Արցախի հարցի խաղաղ կարգավորումը առանցքային նշանակություն ունի, սակայն Արցախի անվտանգությունը զինված ուժերի մարտունակության շարունակական բարձրացման միջոցով մնում է բացարձակ առաջնահերթություն:
«Մարտունակ բանակ ունենալու տեսլականը մեր տնտեսության համար ոչ թե խոչընդոտ, այլ խթան պիտի հանդիսանա: Հենց այս տեսլականը ի կատար ածելու համար է մեր Կառավարությունում ստեղծվել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարությունը, որի ռազմավարական խնդիրը մեր անվտանգության կարիքները մեր տնտեսության զարգացման շարժիչ ուժ դարձնելն է»,-ասաց Փաշինյանը:
Փաշինյանը հույս հայտնեց, որ Արցախի Կառավարության հետ հնարավոր կլինի մինչեւ 2023 թականը լուծել նաեւ զինվորականնների բնակարանային խնդիրները:
«Նոր Հայաստանում առաջնորդությունը նույնպես պետք է փոխի իր էությունն ու բովանդակությունը, այնպես, ինչպես տեղի ունեցավ ժողովրդական, թավշյա ոչ բռնի հեղափոխության ընթացքում: Մեզանից յուրաքանչյուրը կրթությամբ, ինտելեկտուալ մակարդակով, հմտություններով պետք է կարողանա ներկայացնել առաջնորդության իր բաժինը, որտեղ յուրաքանչյուր անհատական շահ հավասարակշռված է հանրային ազգային եւ պետական շահի գիտակցությամբ»,-ասաց վարչապետը:
Փաշինյանը հավելեց, որ «Հայաստանն իմ օջախն է, ժողովուրդն իմ ընտանիքն է» կարգախոսը պետք է լինի յուրաքանչյուրին առաջ մղող կարգախոսը, որտեղ յուրաքանչյուրի շահը ներդաշնակ է հանրային շահի հետ: