Չինաստանի իշխանությունները պետական ընկերություններին հանձնարարել են դադարեցնել ԱՄՆ-ից գյուղմթերքի գնումը
Չինաստանի իշխանությունները պետական ընկերություններին հանձնարարել են դադարեցնել ԱՄՆ-ից գյուղմթերքի գնումը՝ ԱՄՆ-ի հետ առեւտրային պատերազմի սրման ֆոնին, հաղորդում է Bloomberg-ը:
Գործակալության տեղեկություններով՝ չինական ագրոարդյունաբերական ընկերություններն արդեն կատարել են հանձնարարությունն ու այժմ սպասում են ԱՄՆ-Չինաստան առեւտրային բանակցությունների արդյունքներին, հաղորդում է ՏԱՍՍ-ը:
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն ավելի վաղ հայտարարել է, որ ԱՄՆ-ը սեպտեմբերի 1-ից նոր մաքսատուրքեր կսահմանի Չինաստանից 300 մլրդ դոլարի չափով ապրանքների վրա: Պատճառներից մեկը, Սպիտակ տան ղեկավարի խոսքով, այն է, որ Չինաստանը չի կատարել իր խոստումը՝ կապված ամերիկյան գյուղմթերքի գնման ծավալները մեծացնելու հետ:
ԱՄՆ-ն եւ Չինաստանը ամիսներ շարունակ բանակցություններ են վարում առեւտրային վեճի կարգավորման շուրջ: Մայիսի առաջին կեսին Վաշինգտոնում կայացել է խորհրդակցությունների 11-րդ փուլը, սակայն երկխոսությունը փակուղի է մտել: Մայիսի 10-ին Վաշինգտոնը հավելյալ մաքսատուրքերի է սահմանել: Չինաստանը հունիսի սկզբին պատասխան միջոցներ է ձեռնարկել: