Հնդկաստանը Ջամու և Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակի չեղարկումից հետո զորքերը բերել է ուժեղացված պատրաստության վիճակի
Հնդկաստանի բանակը եւ ՌՕՈՒ-ն բերվել են ուժեղացված մարտական պատրաստության վիճակի երկրի խորհրդարանում օրինագիծ ներկայացնելուց հետո, որով չեղարկվում է Սահմանադրությամբ ամրագրված հնդկական Ջամու եւ Քաշմիր նահանգի հատուկ կարգավիճակը, «ՌԻԱ Նովոստի»-ի փոխանցմամբ՝ Twitter-ում հայտնել է ANI գործակալությունը:
Համապատասխան օրինագիծը երկուշաբթի ներկայացրել է Հնդկաստանի ՆԳ նախարար Ամիթ Շահը:
Շրջանի հատուկ կարգավիճակն ամրագրված է Հնդկաստանի Սահմանադրության 370-րդ հոդվածով: Այս հոդվածով, ի թիվս այլոց, պահանջվում է Հնդկաստանի խորհրդարանի ընդունած օրենքների մեծ մասի պարտադիր հավանություն տեղական ասամբլեայում:
Ավելի վաղ NDTV-ն, վկայակոչելով աղբյուրներին, հայտնել էր, որ Հնդկաստանի կառավարությունը լրացուցիչ զինված ուժեր է ուղարկում վիճելի Քաշմիր շրջան, խոսքը մոտ 8 հազար զինծառայողի մասին է: Ռազմականացված կազմավորումների ներկայացուցիչները տարբեր շրջաններից երկրի հյուսիս են տեղափոխվում ռազմական օդանավերով: Անցյալ շաբաթ երկրի կենտրոնական մասից շրջան լրացուցիչ ուղարկվել է մոտ 35 հազար զինվորական:
Ջամու եւ Քաշմիր նահանգում, որը հնդկական միակ նահանգն է, որտեղ բնակչության մեծամասնությունը մուսուլմաններ են, ակտիվորեն գործում են անջատողականները, որոնք հանդես են գալիս հանուն անկախության կամ Պակիստանի հետ միավորման: Ընդ որում՝ Քաշմիրում Հնդկաստանի եւ Պակիստանի միջեւ պաշտոնական սահմաններ չկան. 2 պետությունների բանակներն իրարից բաժանում է վերահսկման գիծը: Նյու Դելին Պակիստանի իշխանություններին մեղադրում է զինված անջատողականներին աջակցելու մեջ: Իսլամաբադը մեղադրանքները հերքում է՝ հայտարարելով, որ Քաշմիրի բնակիչներն ինքնուրույն են պայքարում իրենց իրավունքների համար: