Երևանում մեկնարկել են Միջազգային ամառային տիեզերական դպրոցի աշխատանքները
Երևանում մեկնարկել են Միջազգային ամառային տիեզերական դպրոցի
աշխատանքները
Արտաշես Շահինյանի անվան ֆիզմաթ դպրոցի տարածքում տրվել է Միջազգային
ամառային տիեզերական դպրոցի աշխատանքների մեկնարկը:
Բացման հանդիսավոր արարողությանը ներկա է գտնվել ՀՀ բարձր տեխնոլոգիական
արդյունաբերության նախարարի տեղակալ Արմեն Աբրոյանը:
Նա ողջունել է ներկաներին, կարևորել նման միջոցառումների անցկացումը,
տիեզերական գաղափարի շուրջ տարբեր երկրների դպրոցահասակ պատանիներին մեկ
վայրում համախմբելը: Նախարարի տեղակալն ընդգծել է, որ այս միջոցառումն իր
բեղուն պտուղները կտա հետագայում, երբ մասնակից պատանիները շարունակեն
համագործակցությունը, համատեղ գործունեությամբ և ինժեներական նոր
լուծումներով նոր խոսք ասեն տիեզերական գիտության ասպարեզում:
Միջազգային ամառային տիեզերական դպրոցի բացման հանդիսությանը մասնակցել է
նաև հանրաճանաչ տիեզերագնաց Սերգեյ Ավդիևը: Նա ևս ողջունել է ներկաներին, և
արգասաբեր գործունեություն մաղթել ամառային դպրոցի աշխատանքներին:
Ամառային դպրոցի 12 օրերի ընթացքում Հայաստանի, Ռուսաստանի տարբեր
քաղաքների, Չեխիայի 12-18 տարեկան 38 դպրոցականների համար կանցկացվեն
պրակտիկ դասընթացներ ու դասախոսություններ: Նրանք կայցելեն Բյուրականի
աստղադիտարան, որտեղ գործնական պարապմունքների ընթացքում կդիտեն աստղազարդ
երկինքը:
Միջազգային ամառային տիեզերական դպրոցի մասնակիցները կծանոթանան նաև մեր
պատմությանն ու մշակույթին, կհամատեղեն ուսումն ու հանգիստը:
Բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարարություն