Սաուդյան Արաբիայում կանանց թույլատրել են ինքնուրույն ճանապարհորդել
Սաուդյան Արաբիան փոփոխություններ է կատարել թագավորության մի շարք օրենքներում, որոնց շնորհիվ կինը կկարողանա ինքնուրույն անձնագիր ստանալ արտերկրում ճանապարհորդելու համար, ինչպես նաև դառնալ անչափահասի խնամակալ, հայտնում է «Օկազ» թերթը:
Օրենքի նոր ձեւակերպման համաձայն՝ այժմ կինը, հասնելով 21 տարեկանի, կկարողանա ինքնուրույն, առանց խնամակալի պարտադիր համաձայնության, ինչպես նախկինում, անձնագիր ստանալ:
Երբեմնի ամենապահպանողական թագավորության հանրային ոլորտում կտրուկ մեղմացումները սկսվեցին այն բանից հետո, երբ 2015-ին իշխանության եկավ թագավոր Սալման բեն Աբդել Ազիզ Ալ Սաուդը և 2017-ին իր 31-ամյա որդուն ՝ Մուհամմադ բեն Սալմանին նշանակեց գահաժառանգ: Անցյալ տարվա փետրվարին սաուդցի կանայք ինքնուրույն մեքենա վարելու իրավունք ստացան:
Բեն Սալմանը դառնալով գահաժառանգ՝ թագավորության արմատական վերափոխման Vision 2030 հավակնոտ ռազմավարական ծրագիր ընդունեց:
Անցյալ տարի 40 տարվա մեջ առաջին անգամ երկրում կինոթատրոններ են բացվել, սպասվում է, որ շուտով Սաուդյան Արաբիան սեփական թատրոնը կունենա: Փոխվում է նաեւ կանանց սոցիալական կարգավիճակը: Մեքենա վարելուց բացի նրանց թույլատրել են մասնակցել սպորտային միջոցառումներին եւ ծառայել բանակում: