Շիրմաքարեր պղծելու համար բերման ենթարկված կինը ստորագրությամբ ազատ է արձակվել
Շիրմաքարեր պղծելու կասկածանքով բերման ենթարկված 51–ամյա կինը համապատասխան բացատրություն տալուց հետո ստորագրությամբ ազատ է արձակվել։ Այս մասին Operativ լրատվականին հայտնեցին ոստիկանությունից։
Նշենք, որ ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում գերեզմանոցների շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքերի վերաբերյալ ինչպես Երևանի քաղաքապետարանից, այնպես էլ տարբեր համայնքներից ստացված հաղորդումների հիման վրա։ Իրավապահները քննության ընթացքում կպարզեն՝ արդյոք կինը գործել է միայնակ, թե՞ ոչ։
Մեր տեղեկություններով՝ բերման ենթարկված կինը, որը տարօրինակ վարքագիծ է դրսևորել, խոստովանել է, որ բացի «Եռաբլուր» զինվորական պանթեոնից, մոմ է հալեցրել նաև Աշտարակի, Զովունու և մի շարք այլ համայնքային գերեզմանատների շիրմաքարերին։
Ավելի վաղ Operativ լրատվականը հայտնել էր, որ համացանցում հայտնվել է տեսանյութ, թե ինչպես են անհայտ անձինք պղծել Եռաբլուր զինվորական պանթեոնում ապրիլյան պատերազմի զոհերի շիրիմները:
Դեպքի առիթով ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել էր ուսումնասիրել Եռաբլուրում տեղի ունեցածը:
«ՀՀ ոստիկանության պետ Վալերիյ Օսիպյանը հանձնարարել է ոստիկանության Երևան քաղաքի վարչությանը, որպեսզի ուսումնասիրություններ կատարվեն և պարզեն կատարվածը»,- այս մասին Tert.am-ի հետ զրույցում ասել էր ոստիկանության լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը:
ՀՅԴ Հայաստանի երիտասարդական միության անդամները պատրաստակամություն էին հայտնել աջակցելու ՀՀ պաշտպանության նախարարությանը և անհրաժեշտության դեպքում շուրջօրյա հսկողություն սահմանել Եռաբլուրի տարածքում :
Նշենք որ վերջին շրջանում շիրմաքարերին մոմ հալեցնելու դեպքեր են արձանագրվել նաև համայնքային գերեզմանատներում: Նմանատիպ դեպքերը կանխելու նպատակով Երևանի քաղաքապետարանը դեռ հուլիսի 23-ին դիմել էր ՀՀ ոստիկանություն: Իսկ «Եռաբլուր» զինվորական պանթեոնում կատարված դեպքով քննություն է իրեականացնում Ռազմական ոստիկանությունը։