«Ուղևորափոխադրումների շուկայում դեմպինգային քաղաքականություն է տեղի ունենում». ՏՄՊՊՀ-ն ուսումնասիրություն է սկսել
ՏՄՊՊՀ-ն արդեն ուսումնասիրություն է սկսել դեպի Եգիպտոս ուղեւորափոխադրումների ծառայությունների շուկայում: Այս մասին, այսօր՝ օգոստոսի 1-ին կառավարության նիստում հայտարարեց Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական կոմիտեի ղեկավար Գեղամ Գևորգյանը:
Նրա խոսքով, մայիսի 1-ից հուլիսի 31-ը Երեւան-Հուգադա, Երեւան-Շարշ էլ-Շեյխ եւ հակառակ ուղղությամբ տեղափոխվել է 29 333 ուղեւոր:
«Ավիափոխադրումները եւ տուրփաթեթները փոխկապակցված շուկաներ են: Քանի որ ավիատոմսն ու հյուրանոցային ծառայություները մեկ փաթեթով են վաճառում, պետք է բացահայտել, թե արդյոք հյուրանոցի համար վճարները ներառում են ամբողջական բոլոր ծախսերը թե ոչ: Որովհետեւ շատ հաճախ մենք ունենք տեղեկատվություն, որ դրանք որոշակի հարկային պարտավորություններից խուսափելու միջոցով ստանում են մրցակցային առավելություններ, եւ այստեղ դեմպինգային որոշակի քաղաքականություն է տեղի ունենում»,-ընդգծեց ՏՄՊՊՀ նախագահը:
Նա հավելեց, որ դիմել են տուրիստական ընկերություններին, որպեսզի հավաքագրեն գնի եւ ինքնարժեքի ձեւավորման, ծառայությունների մատուցման ամբողջական գործընթացի մասին տեղեկություններ:
Իր հերթին ոստիկանապետ Վալերի Օսիպյանը տեղեկացրեց, որ Հուրգադա-Երեւան չվերթի չեղարկման եւ հետագա զարգացումների հետ կապված արդեն քրգործ է հարուցվել:. «Այս պահին ոստիկանությունում նյութեր են հավաքվում»:
Հիշեցնենք, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երևան չվերթի չեղարկման պատճառով Եգիպտոսում էև մնացել ավելի քան 100 ՀՀ քաղաքացի: Խնդիրը կապված էր A&R ընկերության տուրօպերատորի հետ՝ ընկերությունը չեղարկել էր Հուրգադա–Երևան չվերթը` Orange to Fly հունական ավիաընկերության հանդեպ ֆինանսական պարտավորությունները չկատարելու համար։