Վարչապետի հանձնարարականով գործադիրը լուծարեց Անասնաբուժասանիտարիայի և բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոնը
Հայաստանի կառավարությունն իր այսօրվա՝ օգոստոսի 1-ի նիստում որոշում կայացրեց լուծարել «Անասնաբուժասանիտարիայի եւ բուսասանիտարիայի ծառայությունների կենտրոն» ՊՈԱԿ-ը։ ՀՀ էկոնոմիկայի նախարարությունը գտնում է, որ ՊՈԱԿ-ի գործունեությունը շարունակելը նպատակահարմար չէ։ Իսկ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարության միջոցով։
Տեղեկացնենք, որ ՀՀ վարչապետը անցած տարի հանձնարարական էր տվել մշակել եւ ներկայացնել մի շարք ՊՈԱԿ-ների օպտիմալացման վերաբերյալ առաջարկություններ։
ՊՈԱԿ-ը իրականացնում էր հակաանասնահամաճարակային միջոցառումներ, գյուղատնտեսական կենդանիների հաշվառման, համարակալման եւ գրանցման միջոցառումներ եւ այլն։
Կազմակերպության լուծարումից հետո մնացած դրամական միջոցներն ուղղվելու են ՀՀ պետական բյուջե, շարժական գույքն ամրացվելու է էկոնոմիկայի նախարարությանը, իսկ անշարժ գույքը՝ ՀՀ պետական գույքի կառավարման ոլորտի լիազոր մարմնին:
Նախագծի ընդունման դեպքում ակնկալվում է անասնաբուժասանիտարական եւ բուսասանիտարական ծառայությունների որակի բարձրացում եւ պետական բյուջեի միջոցների արդյունավետ օգտագործում, ինչպես նաեւ ՊՈԱԿ-ի գործառույթները կիրականացվեն էկոնոմիկայի նախարարության միջոցով:
Ակնհայտ է, որ լուծարման հետեւանքով մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան։
Հիշեցնենք, ավելի վաղ այսօր իր Մամուլ բաժնում Operativ լրատվականը հաղորդել էր, որ ինչպես հայտնում է «Ժողովուրդ» թերթը՝ Վարչապետի հանձնարարականով կարևոր ՊՈԱԿ–ը լուծարվում է, մի շարք աշխատողներ գործազուրկ կմնան :