Զիդան․ Բեյլը թիմի հետ չէ, քանի որ լավ մարզավիճակում չէ
Մադրիդի «Ռեալի» ֆրանսիացի գլխավոր մարզիչ Զինեդին Զիդանը Մյունխենում անցկացվող Audi Cup մրցաշարի կիսաեզրափակիչում Լոնդոնի «Տոտենհեմին» 0։1 հաշվով պարտվելուց հետո հայտնել է, թե ինչու թիմի ուելսցի հարձակվող Գարեթ Բեյլը չի մասնակցում մրցաշարին։
«Բեյլը թիմի հետ չէ, քանի որ լավ մարզավիճակում չէ։ Բժշկական շտաբը նրան խորհուրդ տվեց մնալ Մադրիդում եւ շարունակել մարզումները։ Դա խաղացողի, բժիշկների եւ մարզիչի համատեղ որոշումն էր»,- Զիդանի խոսքը մեջբերում է AS-ը։
Իսպանական մամուլը գրել էր, որ Բեյլը բոյկոտել է «Ռեալի» ուղեւորությունը, քանի որ ակումբի նախագահ Ֆլորենտինո Պերեսի դիրքորոշման պատճառով ձախողվել է ֆուտբոլիստի տրանսֆերը չինական «Ցզյանսու Սունին»։