Մենք կցանկանայինք ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն տեսնել. ՀՀ ԱԳ նախարար
Տասը երկիր դեռ չի վավերացրել Հայաստանի եւ ԵՄ-ի միջև համաձայնագիրը, բայց նրանք պատրաստվում են դա անել, և քաղաքական որևէ խոչընդոտ չկա։ Այս մասին ասել է Հայաստանի ԱԳ նախարար Զոհրաբ Մնացականյանը ԱՄՆ Մարշալի Գերմանական հիմնադրամին տված հարցազրույցում։
«Դա պարզապես ներքին ընթացակարգ է։ Իրականում բոլոր դրույթների 80 %-ն իրականացման փուլում է։ Մենք համաձայնեցրել ենք ճանապարհային քարտեզը իրականացման համար, և իրականացումն ընթանում է լրիվ թափով»,- ասել է նա։
Մնացականյանն ընդգծել է, որ Եվրոպան օրակարգի մշտական մասնակից է Հայաստանի զարգացման գործում, նրա ինստիտուտների, պետության զարգացման և նրա տնտեսության զարգացման գործում։ «2018 թվականի թավշյա հեղափոխությունից հետո մենք ինտենսիվորեն և ակտիվորեն մասնակցում ենք ԵՄ-ի հետ քաղաքական և տնտեսական գործունեությանը։ Այդ գործընթացի շրջանակում մենք կցանկանայինք տեսնել ԵՄ-ի հետ վիզային ռեժիմի ազատականացման երկխոսություն, որը կհանգեցնի համաձայնագրի»,- ավելացրել է նա։
Արտաքին գործերի նախարարն ասել է, որ Հայաստանի և ԵՄ-ի միջև Համապարփակ և ընդլայնված գործընկերության համաձայնագիրը (CEPA) նախատեսում է Հայաստանի և ԵՄ-ի միջև մերձեցում և առևտրի ու ներդրումների ընդլայնում։ «Այդպիսով, CEPA-ն մեզ համար գործիք է այն նորմերի կամ չափորոշիչների հանդեպ մեր նորմերի հետագա կատարելագործման նպատակով, որոնք կարող են նպաստել մեր երկրի զարգացման կարևոր հիմքի ստեղծմանը»,- ավելացրել է նա։