Սա հարված է Հայաստանին. Խաժակյանը՝ «Սանիթեքի» Թբիլիսիի ասուլիսի մասին
«Սանիթեքի» Վրաստանում ասուլիս հրավիրելը կարող է վնաս լինել եւ մեր քաղաքին, եւ մեր պետությանը, այն կարող է հեղինակազրկել մեր պետական ինստիտուտները: Այս մասին, այսօր՝ հուլիսի 30-ին, կառավարության դիմաց հրավիրած հրատապ ասուլիսում հայտարարեց Երեւանի ավագանու «Լույս» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը:
«Որովհետեւ խոսքը օտարերկրյա ներդրող կազմակերպության մասին է, որի կողմից հարեւան պետության մայրաքաղաքում նման քննարկում իրականացնելը մենք կարծում ենք ուղղակիորեն ազդելու է Երեւանի ու Հայաստանի հեղինակության վրա»,-ասաց նա:
Խաժակյանը կոչ արեց «Սանիթեքի» ղեկավարությանը զերծ մնալ այդ քայլից, որովհետեւ դրանով վատ նախադեպի սկիզբ է դրվելու մասնավոր ընկերության հետ համայնքի կամ պետության համագործակցության հարցում, այլեւ մյուս ներդրողների:
«Մենք կարծում ենք, որ այդ ասուլիսը չպետք է տեղի ունենա: Կոչ եմ անում վերադառնալ Երեւան եւ այստեղ պատասխանել թե երեւանցիների, թե լրագրողների հարցերին: Անկախ «Սանիթեքի» պատճառաբանություններից, դա վատ նախադեպ է, այլ երկրում դա իրականացնելը:
Լոկալ բնույթի խնդիրը չի կարող հարեւան պետությունում քննարկման առարկա դառնալ, էլ չեմ ասում, որ սա բավական լավ առիթ է մեր ոչ բարեկամ պետությունների համար մատնանշելու, որ չենք կարողանում մեր խնդիրները կարգավորել;
Սրանով որեւէ բացատրություն տրված չէ: «Սանիթեքը» իր խնդիրները բարձրաձայնելու հետ կապված խնդիրներ երբեք չի ունեցել: Սա հարված է Հայաստանին: Մենք ամեն գնով դա պետք է կանխենք»,-հայտարարեց Խաժակյանը: