Վրաստանի Գորի քաղաքի մոտ վթարից տուժած 14-ամյա տղան ու նրա 17-ամյա քույրը դուրս են գրվել հիվանդանոցից (տեսանյութ և լուսանկարներ)
Հուլիսի 7-ին Վրաստանի Գորի քաղաքի մոտակայքում վթարի հետևանքով ծանր մարմնական վնասվածքներ ստացած և «Սուրբ Աստվածամայր» ԲԿ տեղափոխված 14-ամյա տղան ու նրա 17-ամյա քույրը դուրս գրվեցին հիվանդանոցից, այս մասին տեղեկանում ենք Գև Դերցյան Facebook-ի օգտատիրոջ էջից:
Նրանց ուղեկցում էին առողջապահության նախարարի տեղակալը, «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ի տնօրինությունն ու բուժող բժիշկները:
Հիշեցնենք, որ հուլիսի 7-ին հանգստի մեկնելու ճանապարհին, Գորիի մոտակայքում վարորդը կորցրել էր մեքենայի կառավարումն ու բախվել արգելապատնեշին:
Աղջկա մոտ ախտորոշվել էր գանգաթաղի գծային կոտրվածք, անրակի կոտրվածք, կրծքավանդակի սալջարդ, ձախ թոքի սալջարդ, երկու կողերի և չորս ողերի կոտրվածքներ: Նա հաջողությամբ վիրահատվել էր:
Տղան Թբիլիսիի Իաշվիլիի անվան կլինիկայից «Սուրբ Աստվածամայր» ԲԿ էր տեղափոխվել ծայրահեղ ծանր վիճակում, միացված արհեստական շնչառության սարքին: Նա ևս վիրահատվել էր:
Նույն վթարից ևս մեկ տուժած՝ 12-ամյա տղան հուլիսի 12-ին ապաքինված դուրս էր գրվել «Սուրբ Աստվածամայր» ԲԿ-ից: