Թունիսում հուղարկավորել են երկրի առաջին ժողովրդավար նախագահին
Թունիսում հուղարկավորել են երկրի առաջին ժողովրդավար նախագահ Բեժի Քաիդ աս-Սեբսիին: Հրաժեշտի արարողությունը հեռարձակել է արաբական Sky News Arabia արբանյակային հեռուստաալիքը, հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Իրենց առաջնորդին վերջին հրաժեշտն են տվել հազարավոր քաղաքացիներ: Արարողությանը մասնակցել են Ֆրանսիայի, Պորտուգալիայի, Ալժիրի նախագահները, Իսպանիայի եւ Մարոկկոյի թագավորները, Կատարի էմիրը, Պաղեստնի, Լիբիայի ղեկավարներն ու այլ արտասահմանցի բարձրաստիճան քաղաքական գործիչներ ու պատվիրակություններ:
Բեժի Քաիդ աս-Սեբսին մահացել է անցած շաբաթ 93 տարեկան հասակում: Վերջին ամիսներին նրան հաճախ էին հոսպիտալացնում՝ կապված առողջական խնդիրների հետ: Աս-Սեբսին զբաղեցնում էր նախագահի պաշտոնը 2014 թվականից: Նա ընտրվել էր ազգային ապստամբությունից հետո եւ համարվում էր առաջնորդ, առաջին ժողովրդավար նախագահը, որը միավորեց Թունիսն ու պաշտպանեց ժողովրդավարական արժեքները:
Երկրի ղեկավարի պաշտոնակատար է նշանակվել խորհրդարանի խոսնակ Մուհամմեդ ան-Նասերը:
Արտահերթ նախագահական ընտրություններ են նշանակվել սեպտեմբերի 15-ին:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Թունիսի նախագահը, ով հուլիսի 24-ին հոսպիտալացվել էր, մահացավ :