Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սանդերսի խոստումը ոչնչով չի տաբերվում մյուս թեկնածուների խոստումներից. փորձագետ
Հայոց ցեղասպանության ճանաչման մասին Սանդերսի խոստումը ոչնչով չի տաբերվում ԱՄՆ նախագահի մյուս թեկնածուների խոստումներից: Այս մասին News.am-ի հետ զրույցում ասել է ՀՀ ԳԱԱ Արեւելագիտության ինստիտուտի տնօրեն, թուրքագետ Ռուբեն Սաֆրաստյանը:
Նրա խոսքով՝ փորձը ցույց է տալիս, որ նման խոստումներով հանդես են գալիս ԱՄՆ նախագահի գրեթե բոլոր թեկնածուները, եւ չկա վստահություն, որ նա կկատարի իր խոստումը:
«Շատ բան կախված կլինի ԱՄՆ-Թուրքիա հարաբերություններից: Այժմ դրանք լարված են, սակայն դժվար է կանխատեսել, որ ամերիկյան իշխանությունները Հայոց ցեղասպանության հարցով սուր հայտարարություններ կանեն՝ Թուրքիային «ցավեցնելու» համար»,- նշել է փորձագետը:
Նա նկատել է, որ Անկարայի եւ Վաշինգտոնի միջեւ լարված հարաբերություններ են նկատվել նաեւ նախկինում, սակայն հայկական հարցը երբեք չի օգտագործվել որպես Թուրքիայի դեմ ճնշման գործիք:
«Հիմքեր չկան կարծելու, թե այդ ուղղությամբ փոփոխություններ կլինեն»,- եզրափակել է Սաֆրաստյանը:
Նշենք, որ հուլիսի 26-ին Լոս Անջելեսում մամուլի ասուլիսի ժամանակ Դեմոկրատական կուսակցությունից ԱՄՆ նախագահի թեկնածու, սենատոր Բեռնի Սանդերսը հայտարարել է, որ պատրաստ է ճանաչել Հայոց ցեղասպանությունը:
Սենատորը խոստացել է ընտրվելու դեպքում օգտագործել «ցեղասպանություն» տերմինը՝ ի տարբերություն այլ թեկնածուների, որոնք չեն կատարել իրենց խոստումը: