Հուրգադայից Հայաստան վերադառնալու՝ ՀՀ դեսպանատան կոչը վերաբերում է նրանց, որոնք մեկնել են A&R Tour փաթեթներով. ԱԳՆ
ՀՀ արտաքին գործերի նախարարությունը պարզաբանում է տարածել, որում ասվում է, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանատան հայտարարությունն այն մասին, որ դեսպանատունը Եգիպտոսում հանգստացող ՀՀ քաղաքացիներին հորդորում է ընդհատել հանգիստն ու Երևան վերադառնալ հուլիսի 29-ի չվերթով, վերաբերում է միայն այն զբոսաշրջիկներին, որոնք Եգիպտոս են մեկնել A&R Tour տուր օպերատորի փաթեթներով։
«Սույն հայտարարությունը վերաբերում է միայն A&R տուր օպերատորի ուղևորներին։ Բոլոր այլ զբոսաշրջիկներին հորդորում ենք շարունակել պլանավորած հանգիստը»,– ասվում է ՀՀ արտգործնախարարության տարածած հաղորդագրությունում:
Հիշեցնենք, երեկ Operativ լրատվականը հաղորդել էր, որ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հայտարությամբ է հանդես եկել առ այն՝, թե հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00-ին։
«Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով։ ՀՀ դեսպանության թեժ գիծ. +201207050580»,- ասվում էր դեսպանատան տարածած հաղորդագրության մեջ։
Նշենք, որ A&R Tour օպերատորի փաթեթներով Եգիպտոսի Հուրգադա քաղաք մեկնած ՀՀ քաղաքացիները չէին կարողանում վերադառնալ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով։ 132 ուղևորը վերադարձան ՀայաստանՀՀ կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երևան UJ 5600 չարթերային թռիչքի օդանավով:
Նշենք նաև, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության վերաբերյալ 6-րդ վարչությունում նյութեր են նախապատրաստվում :