Թոմ Քաթինային Նուբա լեռներում կփոխարինի Գյումրու Ավստրիական մանկական հիվանդանոցի բժիշկ Արմեն Մկրտչյանը
«Ավրորա» մրցանակի դափնեկիր, ամերիկացի բժիշկ, ԵՊԲՀ պատվավոր դոկտոր Թոմ Քաթինային Նուբա լեռներում կփոխարինի երիտասարդ բժիշկ, ԵՊԲՀ շրջանավարտ, «Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի բժիշկ Արմեն Մկրտչյանը: Այս մասին տեղեկանում ենք «Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի Facebook-ի էջից։
Գյումրու «Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի ֆեյսբուքյան էջում հրապարակվել է նաև «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության խորհրդի անդամ Արման Ջիլավյանի նամակը Գյումրու «Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի տնօրեն Աշոտ Կուրղինյանին, որում նշված է, որ Արմեն Մկրտյանը նախնական համաձայնություն է տվել. ««Մոր ու մանկան Ավստրիական հիվանդանոց»-ի բժիշկ Արմեն Մկրտչյանը, հավատարիմ բժշկի եւ մարդու իր առաքելությւանը, նախնական համաձայնություն է տվել մեկնել Սուդան եւ փոխարինել բժիշկ Քաթինային՝ օգնելու պատերազմից կեղեքվող Նուբայի բնակչությանը, այդ թվում՝ երախաներին: Հաշվի առնելով, որ բժիշկ Արմեն Մկրտչյանն աշխատում է Ձեր հիվանդանոցում, հայցում ենք Ձեր աջակցությունը՝ նրան Սուդան գործուղելու եւ մարդասիրությունը գործ դարձնելու համար»։
Թոմ Քաթինային փոխարինելու անհրաժեշտություն է առաջացել, քանի որ վերջինս որպես «Ավրորա» մարդասիրական նախաձեռնության նախագահ, ս․ թ․ սեպտեմբերին պետք է ժամանակավորապես լքի Սուդանի Նուբա լեռները, որպեսզի կատարի նախաձեռնության նախագահի իր պարտականույթունները, պայման-խնդրանքով, որ «Գթության մայր» հիվանդանոցում իրեն փոխարինեն այլ բժիշկներ: