«Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության վերաբերյալ 6-րդ վարչությունում նյութեր են նախապատրաստվում
ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր (6-րդ) վարչությունում նյութեր են նախապատրաստվում դեպի Հուրգադա տուրեր կազմակերպող «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորի գործունեության վերաբերյալ: Այս մասին NEWS.am-ին հայտնեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի եւ լրատվության վարչության պետի տեղակալ Էդգար Ջանոյանը։
Ավելի վաղ Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացրել էր, որ հուլիսի 25-ին Հուրգադա-Երեւան թիվ OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով այս պահի դրությամբ Հուրգադայում գտնվում է մոտ հարյուր ՀՀ քաղաքացի։
Փոխվարչապետ Տիգրան Ավինյանը հայտնել էր, որ Հուրգադա-Երեւան հուլիսի 25-ի OTF 3703 չվերթի չեղարկման պատճառով Հուրգադայում գտնվող ուղեւորները հուլիսի 26-ին՝ Երեւանի ժամանակով 20:30-ին Հուրգադա-Երեւան UJ 5600 չվերթով կժամանեն Հայաստան:
Ըստ նախնական տեղեկությունների՝ չվերթի չեղարկման պատճառն այն է, որ «Էյ ընդ Ար Տուր» հայկական տուրօպերատորը չի վճարել ավիափոխադրողին։