ՀՀ դեսպանությունը հորդորում է Հուրգադայում հանգստացողներին ընդհատել հանգիստը և վերադառնալ հուլիսի 29-ի չվերթով
Երևան–Հուրգադա չվերթի չեղարկումից հետո Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը հորդորում է այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան հուլիսի 29-ին, Եգիպտոսի ժամանակով ժամը 03.00-ին նախատեսված չվերթով։ Այս մասին տեղեկանում ենք Եգիպտոսում ՀՀ դեսպանության ֆեյսբուքյան էջից։
«Եգիպտոսում ՀՀ դեսպանությունը տեղեկացնում է, որ հուլիսի 29-ին նախատեսված Հուրգադա-Երևան Orange2fly թիվ OTF 3701 չվերթը կիրականացվի Եգիպտոսի ժամով 03․00։ Միաժամանակ, հորդորում ենք այն ուղևորներին, ում թռիչքը նախատեսված է օգոստոսի 1-ին և 5-ին, ընդհատել հանգիստը և մեկնել Հայաստան վերոհիշյալ չվերթով։ Այդ քաղաքացիներին խնդրում ենք տրամադրել ՀՀ դեսպանություն իրենց անձնական տվյալները (անուն և ազգանուն (լատինատառ), անձնագրի համար)` համապատասխան ցուցակի մեջ ընդգրկվելու նպատակով»,–ասված է հայտարարության մեջ։
Նշենք, որ քիչ առաջ ՀՀ Կառավարությունը հայտարարեց, թե «Մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երևան չարթերային թռիչքը», մասնավորապես Տիգրան Ավինյանը գրառում էր կատարել իր Facebook-ի էջում.
«Հենց նոր մեկնարկել է կառավարության կողմից ֆինանսավորած Հուրգադա-Երևան UJ 5600 չարթերային թռիչքը: Շուրջ երեքուկես ժամից Հայաստանի Հանրապետության 132 քաղաքացիներ կլինեն հայրենիքում:
Տեղեկացնում եմ, որ նախատեսվում է ևս մեկ թռիչք իրականացնել հուլիսի 29-ի առավոտյան»։