Ողբերգական դեպքերը, որոնք զինծառայողի մահվան են հանգեցնում, այսբերգի գագաթնակետն են միայն. Լարիսա Ալավերդյան
Իշխանությունները պետք է լուրջ աշխատանք տանեն զինված ուժերում ոչ կանոնակարգային հարաբերությունների ընդհատման ուղղությամբ: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասել է Հայաստանի առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հասարակական կազմակերպության ղեկավար Լարիսա Ալավերդյանը:
Նրա խոսքով՝ բանակը փխրուն մարմին է, որում ոչ կանոնակարգային բնույթի խնդիրները չեն նպաստում զինված ուժերի հոգեբանական իրավիճակի բարելավմանը:
«Աշխատանք պետք է տանել հենց այդ ուղղությամբ: Չնայած նրան, որ ՀՀ զինված ուժերում միջադեպերը քչացել են, քան այլ երկրներում, սակայն մեզ համար յուրաքանչյուր կյանք ոսկուց թանկ է»,- նշել է նա:
Իրավապաշտպանը նշել է բանակում ոչ կանոնակարգային հարաբերությունների նկատմամբ հասարակական վերաբերմունքի խստացման անհրաժեշտությունը:
«Ողբերգական դեպքերը, որոնք զինծառայողի մահվան են հանգեցնում, այսբերգի գագաթնակետն են միայն: Դրանք վկայում են այն մասին, որ կարող են լինել նաեւ նման դեպքեր, որոնք, բարեբախտաբար, մահով չեն ավարտվում: Այդ պատճառով նույնիսկ մեկ դեպքը խոսում է համակարգային խնդիրների մասին»,- ասել է նա:
Հիշեցնենք, որ 2019թ. հուլիսի 23-ին` ժամը 22:55-ի սահմաններում N զորամասի պահպանության տեղամասի մարտական դիրքում պարտադիր ժամկետային զինծառայող, շարքային Վոլոդյա Համլետի Գալոյանն ապօրինաբար մեկ ուրիշին կյանքից զրկելու՝ սպանելու, ուղղակի դիտավորությամբ նշված մարտական դիրքի գետնատնակի հարակից տարածքում իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգից կրակահերթ է արձակել մարտական դիրքի ավագի ուղղությամբ, սակայն Վ.Գալոյանի հանցագործությունն ավարտին չի հասցվել վերջինիս կամքից անկախ հանգամանքներով:
Կրակահերթ արձակելուց անմիջապես հետո Վ.Գալոյանն իրեն ամրակցված ԱԿ-74 տեսակի ինքնաձիգով թողել է դիրքի տարածքը, որից հետո՝ 2019թ. հուլիսի 24-ին՝ ժամը 04:20-ի սահմաններում, մարտական դիրքի դիտակետից շուրջ 50 մետր հեռավորությամբ, հայտնաբերվել են վերջինիս դին՝ ծնոտի ստորին շրջանում հրազենային վնասվածքով, եւ կողքին ընկած նրա ինքնաձիգը:
Դեպքի առթիվ երկրորդ կայազորային քննչական բաժնում ՀՀ քրեական օրենսգրքի 34-104-րդ հոդվածի 1-ին եւ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասերով նախատեսված հանցագործության հատկանիշներով հարուցվել է քրեական գործ, կատարվում է նախաքննություն: Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական եւ դատավարական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ եւ օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ: