Պատրաստ եմ վիզաների ազատականացման հարցում աջակցել նաև առաքելության ավարտից հետո. Սվիտալսկի
Հայաստանում Եվրամիության դեսպան Պյոտր Սվիտալսկին պատրաստակամություն է հայտնում օգտվել բոլոր հնարավորություններից՝ ԵՄ-ին ներկայացնելու Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացի կարևորությունը:
«Իմ առաքելության ավարտից հետո իրավիճակը չի փոխվել, ես բոլոր հնարավորություններից կօգտվեմ՝ ներկայացնելու Հայաստանի հետ վիզաների ազատականացման գործընթացի կարևոր լինելը, դա պետք է կարևոր լինի նաև Եվրոպայի համար: Եվ պետք է կարողանանք ցույց տալ, որ Եվրոպան մեզ հիացնում է, մենք նույն ընտանիքի անդամներ ենք, և այս հայտարարությունները նյութականացնելու լավագույն միջոցը մարդկանց եվրոպայից օգտվելու հնարավորություն տալն է: Կարող եք ինձ վստահել, ես աջակցել եմ գործընթացին մինչ Հայաստան գալը և կաջակցեմ Հայաստանից գնալուց հետո»,-ասաց Սվիտալսկին:
Նա նկատեց՝ հայկական կողմը շատ լավ գիտի, թե ինչ է պետք անել գործընթացն արագացնելու, վիզաների ազատականացման երկխոսությունը սկսելու համար: Դեսպանը նշեց՝ տեղյակ է, որ հայկական կողմը համագործակցում է վրացի գործընկերների հետ՝ վրացական փորձին ծանոթանալու նպատակով: Նա նկատեց՝ Հայաստանը կարող է օգտագործել վրացական փորձը: «Պետք է համբերատար լինել, շարունակել ջանքերն ուղղել այս ուղղությամբ: Դա պետք է տեղի ունենա նաև սովորական քաղաքացիների ջանքերով: Եթե դուք չխախտեք ճամփորդությունների ժամկետները դեպի եվրոպական երկրներ, եթե ժամանակին վերադառնաք, եթե ապաստան չայծեք, եթե չփորձեք չարաշահել անվճար տրամադրվող բուժծառայությունները, ամեն ինչ կշարժվի ճիշտ ուղղությամբ»,- ասաց Սվիտալսկին:
Հիշեցնենք, ավելի վաղ Operativ լրատվականը հաղորդել էր, որ այսօր՝ հուլիսի 22-ին, ՀՀ-ում Եվրոպական միության պատվիրակության ղեկավար, դեսպան Պյոտր Սվիտալսկին, ում դիվանագիտական առաքելությունը Հայաստանում ավարտվում է, ծավալուն մամուլի ասուլիս էր հրավիրել: