Նախիջևանի հետ կապ ենք հաստատել, որ կրակոցները չկրկնվեն. սա միջնորդված կապ է․ Տոնոյանը մանրամասնեց
Սահմանին՝ որոշ հատվածներում որոշակի լարվածություններ կան, բայց անհանգստանալու խնդիր չունենք: Այս մասին, այսօր՝ հուլիսի 22-ին, ՊՆ-ում լրագրողների հետ զրույցում նշեց պաշտպանության նախարար Դավիթ Տոնոյանը:
«Զուտ ինժեներական աշխատանքներ են կատարվում, երկկողմանի փորձում են դադարեցնել»,-հավելեց Տոնոյանը:
Անդրադառնալով Նախիջևանի ուղղությամբ հնչած կրակոցներին, պաշտպանության նախարարն ասաց. «Կրակոցը եղել է ոչ նպատակային, այսինքն ոչ թիրախավորող: Ամեն դեպքում մենք միջոցներ ենք ձեռնարկել, նաև կապ է հաստատված Նախիջևանի Հանրապետության հարևանների հետ, որ չկրկնվեն այդ դեպքերը»:
Նախարարը հստակեցրեց, որ խոսքը վարչապետ Նիկոլ Փաշինյանի նշած օպերատիվ կապի մասին է. «Դեպքը պատահում է, ստուգում ենք, զգուշացնում ենք, մյուս կողմը միջոցներ է ձեռնարկում: Սա միջնորդված կապ է, խոսում ենք նշանակված պաշտոնյաների միջոցով: Այսինքն նորմալ, շատ դրական գործընթաց է»,-ընդգծեց Դավիթ Տոնոյանը: