Մահացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Ավոյանը
Հուլիսի 17-ին 79 տարեկան հասակում կյանքից հեռացել է ՀՀ կապի նախկին նախարար Ռոբերտ Սմբատի Ավոյանը (ծնվել է 1939 թ.):
Նա 1954 թվականին Գորելովկայի ռուսական միջնակարգ դպրոցն ավարտելուց հետո ուսումը շարունակել է Օդեսայի կապի ինստիտուտում, որն ավարտել է 1965 թվականին: Այդ տարվանից էլ սկսվել է նրա աշխատանքային հարուստ կենսագրությունը: Նախ որպես ինժեներ և ապա պետ է աշխատել Հայաստանի Կամո քաղաքի ռադիոկայանում: 1974 – 1979 թթ. վարել է Հայաստանի ռադիոկապի և հեռուստատեսության պետի տեղակալի պաշտոնը: Աշխատանքային տարիների ընթացքում պարզորոշ դարձան Ռոբերտ Ավոյանի մասնագիտական փայլուն ընդունակությունները. նրան նշանակում են Հայաստանի կապի նախարարի տեղակալ: Այդ պաշտոնը նա զբաղեցրել է մինչև 1988 թ.: Նույն թվականի նոյեմբերից մինչև 1991 թ. վերջը նա Հայաստանի կապի նախարարն էր (21.11.1988 - 05.12.1991): Որպես խորհրդատու աշխատել է Անկախ պետությունների համագործակցության ասոցիացիայում:
Մեծ է Ավոյանի ավանդը Հայաստանում կապի ոլորտի զարգացման գործում: Հայաստանը ԽՍՀՄ տարածքում առաջին պետությունն էր, որ Ավոյանի շնորհիվ ու ջանքերով ստացավ ԱՏ և Տ (AT & T) միջազգային կապի մուտքի հնարավորությունը:
Ռոբերտ Ավոյանի ղեկավարության ներքո մեծ աշխատանք է կատարվել նաև Լենինականի երկրաշարժի ժամանակ:
Ռոբերտն իր արմատները հարգող պատվելի հայ մարդ էր: Նա մշտապես առիթը բաց չէր թողնում լինելու Ջավախքում, կիսելու իր հարազատների ուրախությունն ու տխրությունը, այցելելու Սաթխայի կենտրոնական գերեզմանատուն, ուր հանգչում են նրա ծնողների աճյունները:
Պետությանը մատուցած ծառայության ամբողջ ընթացքում նա աչքի է ընկել իր հայրենանվեր գործունեությամբ, իսկ կոլեկտիվում մշտապես սիրված ու հարգված ղեկավար էր, գործընկեր, ընկեր:
Ռոբերտ Ավոյանի հուղարկավորությունը տեղի կունենա այսօր՝ հուլիսի 20-ին, ժամը 13.00-ին, Գետարգել գերեզմանատանը: