Սինգապուրը կվերադարձնի Մալազիային շուրջ 40 մլն դոլար մասշտաբային ֆինանսական սկանդալի առնչությամբ
Սինգապուրը կվերադարձնի Մալազիային շուրջ 40 մլն դոլար մասշտաբային ֆինանսական սկանդալի առնչությամբ, որը կարեւոր դեր էր խաղացել Նաջիբ Ռազակի կառավարությունը տապալելու հարցում, հաղորդում է AFP-ը:
Քաղաք-պետությունը այն փոքրաթիվ երկրներից է, որոնք սկսել են հետաքննել պնդումները, որ միլիարդավոր դոլարներ անօրինական կերպով յուրացվել են մալազիական սուվերեն 1MDB հիմնադրամից:
Ենթադրվում է, որ սկանդալում ներքաշված են Մալազիայի նախկին վարչապետ Նաջիբ Ռազակը, նրա ընտանիքի անդամներն ու շրջապատը:
Սինգապուրի ոստիկանությունը հայտնել է, որ կոմերցիոն բաժինը դիմումներ է ներկայացրել շուրջ 37 մլն դոլար Մալազիային վերադարձնելու համար՝ կապված 1MDB-ի հետ: Գումարների մի մասն արդեն փոխանցվել է Մալազիային, իսկ մնացածը մշակվում են բանկերի կողմից:
Ոստիկանությունը չի նշել, թե որտեղից են առգրավվել գումարները:
ԱՄՆ-ի արդարադատության նախարարությունը գտնում է, որ հիմնադրամից հափշտակվել է շուրջ 4.5 մլրդ դոլար:
1MDB-ի նկատմամբ Սինգապուրի հետաքննությունը կենտրոնացել է այն պնդումների վրա, որ դրա ֆինանսական համակարգն օգտագործվել է որոշ հափշտակված դրամական միջոցներ «լվանալու» համար: