Ողբերգական դեպք Լոռու մարզում. 17-ամյա տղան հոսանքահարման հետևանքով մահացել է. նա եղել է հոր վարած ГАЗ 53 մակնիշի՝ խոտով բարձված բեռնատարի վրա
SHAMSHYAN.com-ի տեղեկություններով՝ երեկ՝ հուլիսի 19-ին, ողբերգական դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում:
Ժամը 14:40-ի սահմաններում Վանաձոր քաղաքի ոստիկանության Գուգարքի բաժին ահազանգ է ստացվել, որ «Վահագնի առողջական կենտրոն» հոսանքահարված երիտասարդ տղայի դի է բերվել:
Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նշված վայր են մեկնել ոստիկանության Գուգարքի բաժնի օպերատիվ խումբը, ինպես նաև Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչության Գուգարքի քննչական բաժնի խումբը:
Ոստիկաններն ու քննիչները պարզել են, որ մահացածը Վահագնի գյուղի բնակիչ, 17-ամյա Գևորգ Խ.-ն է, ով նույն օրը ժամը 14:00-ի սահմաններում Վահագնի գյուղի բնակիչ, 41-ամյա Խաչիկ Քոչինյանի կողմից վարած ГАЗ 53 մակնիշի 34 TA 200 համարանիշի բեռնատար ավտոմեքենայով Վահագնի գյուղի հարակից հանդամասից խոտը տեղափոխելու ժամանակ, գտնվելով բեռնված խոտի վրա, դիպել է էլեկտրալարերին և հոսանքահարվել, ինչն էլ դարձել է մահվան պատճառ:
Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:
Գ. Շամշյանի տեղեկություններով՝ մահացածը վարորդ Խ. Քոչինյանի որդին էր: