Տիգրան Խաչատրյանը ՀԲ թիմի հետ քննարկել է գյուղատնտեսության ոլորտի ծրագրերը (Լուսանկարներ)
ՀՀ էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն ընդունել է Հայաստանում գտնվող Համաշխարհային բանկի գյուղատնտեսության ավագ տնտեսագետ և աշխատանքային խմբի ղեկավար Բեկզոդ Շամսիևի գլխավորած առաքելությանը։ Հանդիպման
ընթացքում քննարկվել են «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների կառավարման և մրցունակության» երկրորդ ծրագրի (CARMAC
2) և «Գյուղատնտեսության քաղաքականության մոնիտորինգի և գնահատման կարողությունների զարգացման» (APMECB PHRD) դրամաշնորհային ծրագրի
իրականացմանն առնչվող հարցեր։
ՀԲ ներկայացուցիչները նշել են, որ առաքելության հիմնական նպատակը ընթացիկ տարվա մայիսին կայացած վերջին առաքելության ժամանակ ձեռք բերված համաձայնություններին և երկու ծրագրերի կառավարման փոփոխություններից բխող
վերակառուցման հետ կապված գործողություններին հետևելն է։ Կողմերն ընդգծել են, որ անհրաժեշտ է ջանքերն ուղղել «Համայնքների գյուղատնտեսական ռեսուրսների
կառավարման և մրցունակության» ծրագրով արձանագրվելիք արդյունքների մասշտաբի մեծացմանը և ռեսուրսների առավել արդյունավետ օգտագործմանը։
Տիգրան Խաչատրյանն իր խոսքում կարևորել է ՀԲ-ի կողմից իրականացվող ծրագիրը։
Նախարարն անդրադարձել է անասնաբուծության և գյուղատնտեսության ոլորտում և, առհասարակ, արտադրողականության խնդրին՝ նշելով, որ համատեղ գործողությունները պետք է միտված լինեն արտադրողականության բարձրացմանը։
Տիգրան Խաչատրյանը և Համաշխարհային բանկի թիմը պայմանավորվածություն
են ձեռք բերել ծրագիրը համապատասխանեցնել ներկայումս մշակվող գյուղատնտեսության ոլորտի ռազմավարությանը։
Կողմերը մտքեր են փոխանակել հողօգտագործման, անասնավարակների դեմ պայքարի և կանխարգելման, գյուղատնտեսության ոլորտին առնչվող այլ հարցերի շուրջ։